ՀՊՏՀ-ում մեկնարկեց Change Lab-ի Complex Management թրեյնինգների շարքը

25.10.2021
Դիտումների քանակ՝ 1115

ՀՊՏՀ Change Lab-ը հոկտեմբերի 25-ին սկսեց թրեյնինգների նոր շարք։ Այն նպատակ ունի զարգացնելու ուսանողների կառավարչական կոմպետենցիաները, ծանոթացնելու ժամանակակից կառավարման մոդելներին և գործիքակազմերին։

Սա Change Lab-ի՝ արդեն երկու տարի շարունակ տարբեր ձևաչափերով դասընթացներից հերթականն է, որտեղ իրենց գիտելիքը, փորձն ու հմտությունը ՀՊՏՀ ուսանողներին կփոխանցեն ոլորտի լավագույն 10 փորձագետներ։ Հրավիրյալ բանախոսները ոչ միայն արդյունավետ կառավարման վերաբերյալ տեսական համակողմանի գիտելիք ունեն, այլև գործնական ոլորտում հաջողությամբ աշխատելու և կայանալու փորձ։

Complex Management թրեյնինգներին մասնակցելու նպատակով նախապես հայտագրված ավելի քան 270 դիմորդներից ընտրվել են նրանք, ում մոտիվացիոն նամակները հետաքրքրել են փոփոխությունների թիմին։

Ողջունելով դասընթացի մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ասաց, որ ոչ ֆորմալ կրթության ձևերը մեծ հնարավորություն են ստեղծում այսօրվա ուսանողների համար՝ աշխատաշուկա դուրս գալու, գիտելիքները հարստացնելու և հմտությունները զարգացնելու առումով։

«Ցանկացած երազանքի հիմքում կրթությունն է։ Այսօր դուք ձեր երազանքի շեմին եք, և միակ բանը, որ պահանջվում է ձեզնից, կարդալը, կրթվելն ու ինքնազարգանալն է»,- ասաց Դիանա Գալոյանը։

Change Lab-ի տնօրեն Արտակ Ասլանյանն էլ տեղեկացրեց, որ դասընթացները երեք հիմնական ուղղությամբ են ընթանալու՝ ուսանողներին ուղղորդել դառնալու խնդիր լուծողներ, փոփոխության գործակալներ և ուսանողների մեջ զարգացնելու բիզնես-կոմպետենցիաները։

Ոլորտի առաջատար մասնագետ, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Իսկանդարյանը նախագծերի կառավարման հիմնական սկզբունքների վերաբերյալ իր կուտակած փորձն ու գիտելիքը փոխանցեց ոլորտում առաջին քայլերն անող երիտասարդներին, որոնք հետագայում կկիրառեն դրանք գործնականում՝ ցանկալի արդյունքի հասնելու համար։