Պարգևատրվեցին ավիաընկերությունների բնապահպանական քաղաքականության վերաբերյալ մրցույթի հաղթողները

10.06.2021 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1729

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնի, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի և «Ֆլալեսս» կորպորացիայի կողմից 2020 թ. փետրվարին հայտարարված  «ՀՀ շուկայում գործող ավիաընկերությունների բնապահպանական քաղաքականության համեմատական վերլուծություն» թեմայով մրցույթի հաղթողներն այսօր պարգևատրվեցին։ Մրցույթի հովանավոր «Ֆլալեսս» կորպորացիայի (ԱՄՆ) նախագահ Ալեքսանդր Մարգարյանը մրցույթի հաղթող, հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության ուսանող Հայկ Քալանթարյանին, 2-րդ տեղը զբաղեցրած, միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ մասնագիտացման մագիստրոս Նելլի Պիպոյանին և 3-րդ տեղը զբաղեցրած, մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման մագիստրանտներ Տաթևիկ Ռոստոմյանին և Միքայել Նավասարդյանին (համահեղինակությամբ) պարգևատրեց դրամական մրցանակներով՝ 1-ին տեղի համար 1000, 2-րդ տեղի համար՝ 500 և 3-րդ տեղի համար 300-ական ԱՄՆ դոլարով։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց կորպորացիայի նախագահ Ալեքսանդր Մարգարյանին՝ իր նախաձեռնությամբ ուսանողներին ոգևորելու համար և հույս հայտնեց, որ Տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությունը շարունակական կլինի։ Ալեքսանդր Մարգարյանն իր պատրաստակամությունը հայտնեց՝ աջակցելու լավագույն ուսանողներին, նպաստելու նրանց կրթական, գիտական կարողությունների զարգացմանը։

Մրցույթի հաղթող Հայկ Քալանթարյանը նշեց, որ առաջադրված թեման, որպես շրջակա միջավայրի ուսումնասիրություն, ուշագրավ էր, և որպես տնտեսագետի՝ իր համար բացահայտում է հավելյալ արժեք ստեղծելու և շրջակա միջավայրի մասին հոգ տանելու արժեքների կարևորությունը։

Տաթևիկ Ռոստոմյանը շնորհակալություն հայտնեց ընձեռված հնարավորության համար՝ նշելով, որ այն մասնագիտական առաջխաղացման լավ հնարավորություն էր։

Երրորդ մրցանակակիրները ներկա չէին, նրանց պարգևները կփոխանցվեն։

Մրցույթի մասին մեր նախորդ հրապարակմանը, ինչպես նաև հաղթողների ներկայացրած թեմաներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին