Ամփոփվեցին «ՀՀ շուկայում գործող ավիաընկերությունների բնապահպանական քաղաքականության համեմատական վերլուծություն» թեմայով մրցույթի արդյունքները

30.04.2021
Դիտումների քանակ՝ 1820

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնը, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնը և «Ֆլալեսս» կորպորացիան 2020 թ. փետրվարին հայտարարել էին  «ՀՀ շուկայում գործող ավիաընկերությունների բնապահպանական քաղաքականության համեմատական վերլուծություն» թեմայով մրցույթ, որը, կորոնավիրուսի համավարակի և արտակարգ դրության պատճառով, հետաձգվել էր:

Այսօր ՀՊՏՀ նիստերի սրահում մրցույթն ամփոփվեց զեկուցումների շնորհանդեսով, որին ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, «Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Աղաջանյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դոցենտ Աննա Փախլյանը,

ZOOM հարթակում շնորհանդեսին միացել էին ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), կոմիտեի ներքին աուդիտի բաժնի պետ Նարեկ Մխիթարյանը, «Ֆլալեսս» կորպորացիայի (ԱՄՆ) նախագահ Ալեքսանդր Մարգարյանը (մրցույթի հովանավոր), միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի ժ/պ Գրիգոր Նազարյանը, բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դասախոսներ:

Շնորհանդեսի մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը:

Այնուհետև ՀՊՏՀ ուսանողները հանդես եկան շնորհանդեսներով. հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության ուսանող Հայկ Քալանթարյանը ներկայացրեց «ՀՀ-ում գործող ավիաընկերությունների բնապահպանական քաղաքականության համեմատական վերլուծություն» թեման, մակրոտնտեսական վերլուծություն մասնագիտացման մագիստրանտներ Տաթևիկ Ռոստոմյանը և Միքայել Նավասարդյանը՝ «Ավիացիայի ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա» և միջազգային արժութաֆինանսական հարաբերություններ մասնագիտացման մագիստրանտ Նելլի Պիպոյանը՝ «ՀՀ քաղավիացիայի արտանետումների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» թեմաները:

Ուսումնասիրությունների հեղինակները սիրով պատասխանեցին բուհի ղեկավարության, քաղավիացիայի ղեկավարի և ներկայացուցչի, «Ֆլալեսս» կորպորացիայի նախագահի հարցերին: Վերջիններս բարձր գնահատեցին կատարված վերլուծությունների թեմատիկ ընտրությունը, փաստարկվածությունը, առաջարկությունները:

Կարճ ընդմիջման ընթացքում մրցութային հանձնաժողովը ամփոփեց արդյունքները:

Դավիթ Հախվերդյանը տեղեկացրեց, որ, ըստ ընտրված չափանիշների, ներկայացված վերլուծությունները և շնորհանդեսը գնահատել են մրցութային հանձնաժողովի բոլոր անդամները, և միավորների մաթեմատիկական գումարով հաղթողի կոչումը շնորհվում է Հայկ Քալանթարյանին:

Շնորհանդեսի ավարտին Գագիկ Աղաջանյանը տեղեկացրեց, որ մրցանակները կհանձնվեն մայիսին, երբ Հայաստան կժամանի Ալեքսանդր Մարգարյանը, իսկ մասնակիցները, Տաթևիկ Ռևազյանի առաջարկությամբ, հնարավորություն կստանան երկարաժամկետ փորձառություն անցնելու ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում:

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին