Կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը

23.12.2021
Դիտումների քանակ՝ 978

ՀՊՏՀ գիտական խորհրդի ընդլայնված նիստից հետո, որի ընթացքում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը ներկայացրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2021 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2022 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշների մասին հաշվետվությունը, շարունակվեց գիտխորհրդի տարեվերջյան նիստը՝ գիտխորհրդի հիմնական անդամների մասնակցությամբ։

Մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՊՏՀ ռեկտորը տեղեկացրեց, որ անցնող տարին ավագ գործընկերներից մի քանիսի համար եղել է հոբելյանական: Այդ առթիվ բուհի ղեկավարը ջերմորեն շնորհավորեց և շնորհավորական ուղերձներ հանձնեց ՀՊՏՀ հասարակագիտության ամբիոնի պրոֆեսոր, ամբիոնի պատվավոր վարիչ, փ․գ․դ․Արամ Սարգսյանին, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․դ․ Զոյա Թադևոսյանին, լեզուների ամբիոնի դոցենտ, բ․գ․թ․ Զուխրա Երվանդյանին, կառավարման ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․դ․ Արզիկ Սուվարյանին և բիզնես վարչարարության ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Պարույր Քալանթարյանին։

Գիտական խորհրդի նիստին ներկայացված և հաստատված օրակարգային հարցերի համառոտ անդրադարձը՝ հաջորդիվ։

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ուրախալի լուր հայտնեց. երեկ երեկոյան հայտնի է դարձել, որ Եվրոպական հանձնաժողովը ՀՊՏՀ-ին շնորհել է «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան» /"HR Excellence in Research Award"/։ Պրոռեկտորի խոսքով՝ ՀՊՏՀ-ն այս հաջողությունն արձանագրած միակ բուհն է տարածաշրջանում։ Այնուհետև Թաթուլ Մկրտչյանը զեկուցեց «Միներվա» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ 2021-2026 թթ. բաց գիտության ռազմավարությունը, «Բաց հասանելիության» քաղաքականությունը, նույն ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ պահոցի գործունեության կազմակերպման և կարգավորման կանոնակարգը հաստատելու մասին հարցերը՝ մանրամասնելով, որ ռազմավարության նպատակը համալսարանական գիտությունը հանրահասանելի և միջազգային դարձնելն է, վերջնարդյունքում՝ հետազոտությունների և հեղինակների գնահատումը, իսկ կից կարգերը նախատեսում են այդ նպատակին հասնելու գործողություններն ու գործիքակազմը։ Ներկայացված հարցերը հաստատվեցին։

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը զեկուցեց նաև Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման «Ենթակառուցվածքի պահպանում և զարգացում» ծրագրի իրականացման 2021 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածն ընդգրկող տարեկան հաշվետվությունների մասին հարցը, և քանի որ հաշվետվությունները նախապես առաքվել էին գիտխորհրդի անդամներին, քվեարկությամբ հաստատվեցին։ Նշենք, որ խոսքը «Քաղաքական ինստիտուտները և տնտեսական զարգացման որակն ու գերակայությունները ՀՀ-ում» (ծրագրի գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տ․գ․դ․, պրոֆեսոր Յուրի Սուվարյան) և «Պետական փոխառու միջոցների ներգրավման միջոցով տնտեսական զարգացում ապահովելու հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում» (ծրագրի գիտական ղեկավար՝ տ․գ․թ․, դոցենտ Կարեն Գրիգորյան) ծրագրերի մասին է։

Ուսումնական գործընթացի վերաբերյալ մի շարք հարցեր զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը՝ մասնավորապես ներկայացնելով գործող բակալավրական և մագիստրոսական կրթական ծրագրերի, ինչպես նաև նոր կրթական ծրագրերի ուսումնական պլանները հաստատելու մասին հարցերը։ Պրոռեկտորը մանրամասնեց, որ կրթական ծրագրերի բարելավման նպատակով նախ կազմվել են փորձագիտական թիմեր, որոնք կատարել են խորքային բարելավումներ, ծրագրերի բոլոր բաղադրիչների վերաբերյալ քննարկումներ են կազմակերպել շահառուների հետ և արդյունքում ներկայացրել են գերազանցության ծրագրեր։ Ռեկտոր Դիանա Գալոյանը շեշտեց, որ գործընթացում հաշվի են առնվել արտաքին փորձագետների կարծիքները ևս։ «Այս գործընթացը շարունակական է լինելու, կրթական ծրագրերը պետք է հիմնովին վերանայվեն»,- ասաց ռեկտորը։ Ներկայացված հարցերը հաստատվեցին:

Գիտխորհուրդը հաստատեց նաև ուսումնամեթոդական հանձնաժողովի առաջարկությունը՝ ՀՊՏՀ 3 ամբիոնների կողմից սպասարկվող մի շարք դասընթացների լաբորատոր պարապմունքների բաղադրիչը գործնական պարապմունքների բաղադրիչին միացնելու, գործող ուսումնական պլաններում փոփոխություններ կատարելու և ակադեմիական խմբերը հաստատված նորմատիվով գործնական խմբերի բաժանելու մասին հարցը։

Փոփոխություն կատարվեց 2021-2022 ուսումնական տարվա առաջին և երկրորդ կիսամյակներում «Առկա և հեռակա ուսուցման մագիստրատուրայի ուսումնառության, գիտելիքի գնահատման և վարչարարության կազմակերպման կարգերում»։

Ուսանողական խորհրդի 2021 թվականի ֆինանսական գործունեության արդյունքները ներկայացրեց կառույցի նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը՝ մանրամասնելով տարվա ընթացքում ուսանողական կառույցի կողմից իրականացված բոլոր միջոցառումները և ֆինանսական ծախսերը։ Հաշվետվությունը հաստատվեց։

Գիտխորհուրդը հրատարակության երաշխավորեց լեզուների ամբիոնի դասախոս, բ․գ․թ․ Աննա Ղարսլյանի «Արդի հայերենի իրավաբանական տերմինները» մենագրությունը և ֆինանսական հաշվառման ամբիոնի պրոֆեսոր, տ․գ․դ․ Արմեն Հակոբյանի և նույն ամբիոնի ավագ դասախոս, տ․գ․թ․ Անուշ Գասպարյանի «Հաշվապահական հաշվառումը առևտրային բանկերում» խնդրագիրքը։

Բոլոր որոշումները հաստատումից հետո կհրապարակվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքում։

Նիստի ավարտին ՀՊՏՀ ռեկտորը ներկաներին շնորհավորեց գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով գիտական, աշխատանքային և ընտանեկան ձեռքբերումներ։ «Անցնող ծանր ժամանակաշրջանը վերահաստատեց, որ մեր կյանքի կարևորագույն արժեքները առողջությունն ու խաղաղությունն են, ուստի ես ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ առողջություն, խաղաղ երկնքի տակ արարելու հնարավորություն և որ ձեր հաջողությունները ծառայեն ՀՊՏՀ զարգացմանն ու առաջընթացին»,- ասաց Դիանա Գալոյանը։