Իրենց վառ նպատակներն անկատար թողեցին՝ հանուն մեզ...հավերժ փառք, քաջարի´ մարտիկներ
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս հայրենիքը կյանքի գնով պաշտպանած առյուծ տղաներին միացավ ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Զաքար Սերոբյանը, ով ռազմաճակատ էր մեկնել որպես կամավոր:
«Շատ նպատակներ կիսատ թողնելով գնաց, որ մեր նպատակները կիսատ չմնան…Զաքարը մեզ համար ավագ եղբոր պես էր, նա համակուրսեցիներից 3-4 տարով մեծ էր, ուստի նրան էինք վստահում կազմակերպական բոլոր հարցերը: Միշտ ժպտերես, կենսուրախ, բոլորին հասնող ու օգնող: Ինչքան լավ բառեր կան, կարելի է դրանցով բնութագրել մեր լավ ընկերոջը»,-մեզ հետ զրույցում ասաց կուրսի ավագ Տաթև Զաքարյանը:
Ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանն ասաց, որ նախապես զրուցել է որպես կամավոր ռազմաճակատ մեկնող իր ուսանողների հետ. Զաքարը մեկնելիս ուրախ էր, անասելի ոգևորված…
«Իրեն հատուկ բարձր ոգով էր մեկնելիս, ասացի, որ կապի մեջ լինի, ասաց՝ բան չկա, շուտով կգան: Պայծառ, լուսավոր տղա էր մեր Զաքարը, միշտ գալիս էր ինձ մոտ՝ մեծի իրավունքով կուրսի անունից որևէ հարց ներկայացնելու: Զաքարի ջերմ ժպիտը միշտ աչքիս առաջ է: Անասելի ցավ եմ ապրում…»,-ասաց դեկանը:
Ցավով ենք հայտնում, որ պատերազմում զոհվել է ևս մեկ ՀՊՏՀ-ական՝ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ (2008-2013) Գառնիկ Մալխասյանը:
ՀՊՏՀ-ն իր ցավակցությունն է հայտնում հերոսների ընտանիքներին ու հարազատներին:
Հավերժ փառք ձեզ, քաջարի´ մարտիկներ, ձեր անունն ու գործն անմահ են…
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին