Կայացել է REFINE նախագծի կոորդինացիոն հանդիպումը

Դիտումների քանակ՝ 1260

Հոկտեմբերի 8-ին առցանց եղանակով տեղի է ունեցել «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում իրականացվող «Ֆինանսների մագիստրոսական ծրագրերի բարեփոխում Հայաստանում և Մոլդովայում» (REFINE) նախագծի ամփոփիչ կոորդինացիոն հանդիպումը։ Հանդիպմանը ՀՊՏՀ-ից մասնակցել են միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը և նույն բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը: Այս մասին հայտնում են միջազգային կապերի բաժնից և այլ մանրամասներ հաղորդում:

Ինչպես հայկական և մոլդովական գործընկեր համալսարանների ներկայացուցիչները, այնպես էլ ՀՊՏՀ-ականները հանդիպման մասնակիցներին են ներկայացրել REFINE-ի շրջանակներում բարեփոխված «Կորպորատիվ ֆինանսներ» մագիստրոսական ծրագրի իրականացման ընթացքը ՀՊՏՀ-ում: Մեր պատվիրակները գործընկերներին են ներկայացրել նաև մանրամասներ՝ ՀՊՏՀ-ում Կարիերայի խորհրդատվության միջոցառման, նախագծի ասոցացված գործընկերոջ հետ համատեղ կազմակերպված հրավիրյալ դասախոսության և այլ միջոցառումների ու գործողությունների վերաբերյալ, որոնք խթանել են մագիստրոսական ծրագրի կատարումը և ուսանողներին հնարավորություն տվել առավել սերտ կապ ձևավորել աշխատաշուկայի ու նրա ներկայացուցիչների հետ:

Բացի մագիստրոսական ծրագրի իրականացման գործընթացից՝ կոորդինացիոն հանդիպման մասնակիցները քննարկել են նաև նախագծի և դրա արդյունքների տարածմանն ուղղված աշխատանքները, որակի ապահովման, նախագծի կայունության ու շարունակականության և կառավարման ուղղությամբ կատարված գործողությունները, գրանցած արդյունքները և դրանց առնչվող այլ հարցեր:

Ինչպես բազմիցս տեղեկացրել ենք, REFINE-ը ԵՄ կողմից համաֆինանսավորվող եռամյա նախագիծ է, որտեղ ընդգրկված են ընդհանուր առմամբ տասը համալսարաններ՝ Հայաստանից, Մոլդովայից և Եվրոպայից: Այն իր ավարտին է մոտենում շուտով՝ 2020թ. հոկտեմբերի 14-ին: Նախագիծը որդեգրել էր հետևյալ գլխավոր նպատակը՝ բարելավել Հայաստանում և Մոլդովայում ֆինանսների վեց մագիստրոսական ծրագրերի որակն ու համապատասխանությունը՝ թիրախավորված բարեփոխումների միջոցով: Այս նպատակի իրականացման ճանապարհի, REFINE-ի շրջանակներում ՀՊՏՀ-ում իրականացված բարեփոխումների, դրանց վերաբերյալ ուսանողների կարծիքի, ձեռք բերված գրականության մասին և ավելին կարող եք կարդալ ակտիվ հղումով: Իսկ ՀՊՏՀ «Տնտեսագետ» ամսագրի 3-րդ համարում REFINE-ի մասին անդրադարձը կարող եք ընթերցել այստեղ՝ 21-23-րդ էջերում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին