Լույս է ընծայվել «Տնտեսագետի» տարեվերջյան համարը. շտապում ենք տոնական տրամադրություն փոխանցել

Դիտումների քանակ՝ 2024

Սիրելի՛ ընթերցող, «Տնտեսագետ» ամսագիրը պատրաստ է իր հերթական ջերմ հաղորդակցմանը ձեզ հետ: «Տնտեսագետ» հրատարակչության բարեխիղճ ու հետևողական աշխատանքի շնորհիվ այսօր ամսագրի տարեվերջյան համարը պատրաստ է և սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ՝ ամսագիրն սկսվում է ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի շնորհավորական ուղերձով ու բարեմաղթանքով: Այնուհետև համալսարանական առանցքային իրադարձությունների անդրադարձներն են. ստեղծվում է Change Lab, որի շնորհիվ ուսանողը դառնում է փոփոխությունների կառավարիչ և ձեռնարկատեր, մեկնարկում է տեղեկատվական տեխոնոլոգիաները բիզնեսում մագիստրոսական նոր ծրագիրը, ՀՀ և ԱՀ նախկին վարչապետների մասնակցությամբ տեղի ունեցավ պանելային քննարկում, որի առանցքում տնտեսական զարգացման հիմնահարցեր էին:

ՀՊՏՀ ուսանողները ոչ միայն միջոցառումների կազմակերպիչ ու գործուն մասնակիցներ են, այլև հոդվածագիրներ. Լet’s Talk միջբուհական աշխատաժողովին անդրադառնում է Իռեն Թալալյանը, անվանական կրթաթոշակառուներ Մելինե Աբրահամյանը, Հայկ Քալանթարյանը, Անդրանիկ Մարգարյանը, Անի Եղոյանը իրենց սրտի խոսքն ու շնորհավորանքն են հղում ընթերցողին, Անի Ղազարյանը կամավորական աշխատանքի սեփական փորձն է ներկայացնում ու հիմնավորում կամավորության դերակատարությունը ժամանակակից երիտասարդի կյանքում, իսկ «Խորհրդածում են ուսանողները» խորագրի ներքո ուսանող Անդրանիկ Մարգարյանը վերլուծում է կրթական համակարգի արդիականացման անհրաժեշտությունն  ու հանդես գալիս առաջարկություններով:

Լուսանկարային էջում ՀՊՏՀ տոնական ծառի զարդարման արարողությունն է՝ միասնական իղձերի մեկտեղման գեղեցիկ ակնթարթները (տե՛ս էջ 15):

Արփինե Մալքջյանը, Փիլիսոփայության համաշխարհային օրվա համատեքստում, անդրադառնում է փիլիսոփայության դերին ու տեղին ուսանող երիտասարդության կյանքում:

Դոցենտ Սամվել Գրիգորյանի «Տնտեսական խճանկար»-ում հայաստանյան տնտեսական կյանքի նորություններն են, տնտեսագիտության տեսության արծարծումներ:

Նադեժդա Աֆյանը բարձրացնում է շրջակա միջավայրի պահպանության հույժ կարևոր՝ պլաստիկ թափոնների կառավարման հիմնահարցը:

Անդրադարձ կա նաև ամբիոնային սեմինարներին:

Լենա Հովհաննիսյանը և Արփինե Մխիթարյանը պատմում են ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ձեռքբերումների մասին:

«Մեր շնորհալիները» խորագրի հերոսը Լուսյա Մանուչարյանն է՝ իր «Ասելիք ունեմ» բանաստեղծությունների ժողովածուով:

ՀՊՏՀ գիտական խորհրդի երկու նիստերը լուսաբանում են բուհի ուղենշային քննարկումները, որոշումները: «Լրահոս»-ը, ինչպես միշտ, խտացված ամփոփումն է համալսարանի կարևոր իրադարձությունների:

«ՀՊՏՀ խաղեր – 2019» փառատոնը ներկայանում է մարզական ու մշակութային տրամադրությամբ ու հաղթանակներով:

Հեղինե Հախնազարյանը ծավալուն հոդված է առաջարկում  հայ վինագործության մասին, որի հիմնադիրն ու շարունակողը Երիցյան գերդաստանն է:

«էրազմուս+»-ում հանգամանալից ներկայացվում են «Ժան Մոնե» և «Միներվա» ծրագրերի գործողությունները:

«Մարզական քրոնիկոնը» վերջին ամսվա և տարվա կտրվածքով մեր համալսարանի մարզիկ-ուսանողների հաջողությունների մասին է, ապա 2019 թ. ՀՊՏՀ լավագույն մարզիկների տասնյակն է, որոնք հանրապետական ու միջազգային առաջնություններում բարձր են պահել համալսարանի պատիվը:

Ամսագիրն ամփոփվում է ամանորյա ժամանցային ու հետաքրքրական փաստերով (երբեմն՝ չհաստատված):

Սիրելի՛ ընթերցող, ամսագրի ամբողջական բովանդակությանը կարող եք ծանոթանալ էլեկտրոնային տարբերակով՝ ՀՊՏՀ պաշտոնական կայքում (asue.am), իսկ տպագիր օրինակները կբաշխվեն տոներից հետո:

Բոլորիդ մաղթում ենք հաճելի ընթերցում, տոնական բարձր տրամադրություն, ուրախ Ամանոր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին