Գիտական խորհրդի ընդլայնված նիստում ամփոփվեցին անցնող տարվա ՀՊՏՀ գործունեության հիմնական արդյունքները

Դիտումների քանակ՝ 2080

ՀՊՏՀ հանդիսությունների մեծ դահլիճում այսօր տեղի ունեցավ գիտական խորհրդի ընդլայնված նիստը՝ օրակարգային մեկ հարցով: Դահլիճում ներկա էին ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական, վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ, ուսանողներ: Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց օրակարգային հարցը՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2019 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին» և զեկուցման համար խոսքը տրամադրեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Դիանա Գալոյանին:

Բուհի ղեկավարը, մինչ անցած տարվա գործունեության հիմնական արդյունքները ներկայացնելը, նշեց, որ փորձել է դուրս գալ հաշվետվությունների ստանդարտ ձևաչափից և ՀՊՏՀ գործունեության արդյունքները ներկայացնել ոչ թե ըստ ուղղությունների, այլ ըստ ՀՊՏՀ 2018-2022 թթ. զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի նպատակների: «Սա նախ թույլ կտա արձանագրել, թե արդյոք ռազմավարությամբ նախանշված նպատակները կատարվել են, թե ոչ, և երկրորդ՝ վերհանել առկա խնդիրները և 2020 թ․ մեր հիմնական անելիքները»,- ասաց Դիանա Գալոյանը։

Ներկայացնելով ՀՊՏՀ տարեկան հաշվետվությունը՝ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ 2019 թ. կրթության եռաստի­ճան հա­մակարգով համալսարանում իրականացվել են 76 կրթական ծրագրեր, այդ թվում՝ 11 նոր և 27 նախկին բակալավրական, 33 մա­գիստրոսական և 5 ասպիրանտական՝ հատկանշելով, որ բակալավրական 27 մասնագիտական կրթական ծրագրերով համալսարանը պատրաստել է վերջին շրջանավարտներին և այսուհետ իր գործունեությունը ծավալելու է 11 նոր կրթական ծրագրերով: Բուհի ղեկավարի հաշվետվությունից ներկայացնենք հիմնական ընդգծումները. «2019 թ. դեկտեմբերի 23-ի դրությամբ համալսարանի ուսանողների թիվը 5580 է, ինչը 2018 թ. համեմատությամբ կրճատ­­­­­վել է 7,1%-ով: Ուսման առա­ջադիմության տա­տանումներ եղել են, սակայն երկու կիսամյակների արդ­յունք­նե­րով թե՛ բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում ուսման առա­ջա­դի­մությունը նախորդ տարվա համեմատ շոշափելի փոփոխության չի ենթարկվել»:

Ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ ֆինանսական մուտքերի նվազմանը դիմագրավելու և աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակով համալսարանում իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք պլանավորված են եղել 2020 և 2021 թթ. համար։ Մասնավորապես, համալսարանը գործատուների հետ համատեղ մշակել և սկսել է իրականացնել վճարովի կարճատև դասընթացներ, կնքել է համատեղ կրթական ծրագրերի իրականացման համաձայնագրեր և ակտիվացրել է ջանքերը հետազոտությունների ֆինանսավորման նոր աղբյուրներ ներգրավելու ուղղությամբ։ «Մյուս կողմից, համալսարանն էապես վերափոխել է հանրային հարթակներում տեղեկատվության տարածման սկզբունքներն ու ինտենսիվությունը, ուսանողական խորհրդի հետ համատեղ իրականացնում է լայնածավալ աշխատանք քոլեջների և ավագ դպրոցների աշակերտների հետ, պատրաստել է մասնագիտական կողմնորոշմանը նպաստող գովազդա-տեղեկատվական բուկլետներ և տեսահոլովակներ»,- ասաց Դիանա Գալոյանը:

Կրթական ծրագրերի որակի բարձրացման սահմանված նպատակին հասնելու համար, ինչպես նշեց ռեկտորի պաշտոնակատարը, 2019 թ. իրականացվել են մի շարք քայլեր, որոնց թվում՝ կարգերի մշակում, թափուր դասաժամերի մրցույթի անցկացում, բուհ-աշխատաշուկա համագործակցության խորացմանը միտված քննարկումների և միջոցառումների կազմակերպում, մագիստրոսական նոր կրթական ծրագրի ներդրում, համագործակցության հուշագրերի և պայմանագրերի կնքում՝ կրթական ծրագրերի իրականացման և հետազոտությունների բնագավառում փոխգործակցության ուղղությամբ, աշխատանքի տոնավաճառի, վարպետաց և բաց դասերի, քննարկումների ու համաժողովների կազմակերպում, ուսումնական գործընթացի ավտոմատացված ծրագրային փաթեթի ներդրում, փորձարարական հիմունքներով Moodle համակարգում դասավանդման և ուսումնառության կազմակերպման գործընթացի մեկնարկում և այլ:

«Միջազգային ծրագրերից ֆինանսավորման ներգրավման նպատակով համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնը ներգրավել է fundraiser-ի: Համալսարանը հիմնել է իր առաջին ստարտափ նախագիծը՝ ASUE Change Lab-ը, հիմնվել է նաև ուսանողական Creactive կամավորական ակումբը: Գործունեության դիվերսիֆիկացման նպատակով համալսարանը մուտք է գործել վերապատրաստումների և կարճաժամկետ դասընթացների ծառայությունների շուկա»,- ասաց բուհի ղեկավարը:

Գիտահետազոտական ոլորտում կատարված աշխատանքներից նա մասնավորապես մատնանշեց. «ՌԶԾ կիրառական հետազոտություններ-կրթություն ինտեգրման և կիրառական հետազոտություններ-տնտեսություն համագործակցության ապահովման նպատակը իրացնելու համար 2019 թ․ ընթացքում համալսարանում շարունակվել է ամբիո­նա­յին 65 թեմաներով գիտահետազոտական աշ­խա­տանք­ների և ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կո­միտեի 3 դրամաշնորհային և ՀՀ ԿԲ հետազոտական հիմնադրամի 1 դրամաշնորհային ծրագրի իրա­կա­նացումը: Հետազո­տութ­յուն­նե­րի արդ­յունք­­ների հիման վրա հրա­­­տարակվել են՝ 17 ուսումնական և ուսումնամեթոդական ձեռ­նարկ, 3 մե­­նա­գրություն, 5 դասագիրք, 1 խնդրագիրք, 3 դասախոսությունների նյութեր, 191 հոդ­ված գիտա­կան պարբերականներում: Գիտական հրապարակումները կրճատվել են շուրջ 32%-ով, սակայն ար­­­տասահ­մանյան պարբերա­կան­ներում լույս տեսնող հոդվածների թիվն աճել է շուրջ 8%-ով: 2019 թ. շարունակվել է գրադարանի շտեմարանի թվայնացումը: Էլեկտրոնային գրադարանի տվյալների բազան պարբերաբար համալրվել է ձեռք բերված նոր գրականությամբ։ 2019 թ. դեկտեմբերին լույս է տեսել նաև «Ամբերդ տեղեկագիր» գիտահանրամատչելի պարբերական հանդեսի անդրանիկ համարը»:

«Ամբերդ» կենտրոնի գործունեությունից Դիանա Գալոյանն ընդգծեց այն, որ 2019 թ. հունվարին հրապարակված Փենսիլվանիայի համալսարանի Աշխարհի ուղեղային կենտրոնների գլոբալ վարկանշավորման 2018թ. զեկույցում կենտրոնը ներառվել է աշխարհի 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում՝ զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը, իսկ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի առաջատար ուղեղային կենտրոնների շարքում «Ամբերդը», նախորդ տարվա համե­մատ, բարելավել է իր դիրքերը չորս նիշով և այժմ զբաղեցնում է 61-րդ հորիզո­նականը։ 2019 թ․ հաստատվել է «ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետազո­տական թեմաների և խմբերի ձևավորման, դրանցում ասպիրանտների և ուսանողների ներգրավման կարգը», ինչը հանդիսանում է հետազոտական աշխատանքների բազմազանեցման և հետազոտողների թվի մեծացման ինստիտուցիոնալ հենքը: Բուհի ղեկավարն անդրադարձավ նաև Ուսանողական գիտական ընկերության գործունեությանը՝ նշելով, որ 2019-2020թթ․ ուսումնական տարվա սկզբին այն մեկնարկել է գործունեության ամբողջությամբ նոր ձևաչափով ու բովանդակությամբ, ՈւԳԸ ակտիվ մասնակիցների առաջարկությամբ իրականացվել է նաև «Ապագա դասախոս» ծրագիրը:

Միջազգային ծրագրերի մասին Դիանա Գալոյանը նշեց, որ 2019 թ. ամփոփվել է «Բարձրագույն ուսումնական հաստատությունները՝ երիտասարդների ձեռներեցության համար» (HEIFYE) նախագիծը և «Հերիտագ» ծրագիրը, 2017 թ. ՀՊՏՀ-ում իրականացվում են ՐԻՖԱՅՆ և eDrone ծրագրերը, իսկ 2019 թ․ 2 նոր ծրագիր է ֆինանսավորում ստացել․ «Ժան Մոնե»-ի «ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» մոդուլը և «Միներվա» ծրագիրը: «Հատկանշական է Եվրասիական ֆինանսական ցանցային ինստիտուտի ստեղծմանը մեր համալսարանի ներգրավվածությունը, քանի որ վերջինս նպատակ ունի վերածվելու ԵԱՏՀ-ի վերլուծական կենտրոնի, իսկ Հայաստանից միակ բուհը, որը ներգրավվել է այդ ցանցում, ՀՊՏՀ-ն է»,- ասաց նա։

Փոխանակային ծրագրերի մասին Դիանա Գալոյանն ասաց, որ ուսանողների, դասախոսների և վարչական աշխատակիցների փոխանակումը հիմնականում իրականացվել է Եվրոպական Միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում. «2019թ. ՀՊՏՀ-ից գործընկեր բուհեր են մեկնել են 24 ուսանողներ, հյուրընկալվածների թիվը շարունակում է մնալ ցածր՝ կազմելով 3 ուսանող։ Գործընկեր բուհեր են գործուղվել 18 դասախոսներ, այդ թվում՝ 1 դասախոս ՀՊՏՀ Եղեգնաձորի և 1 դասախոս Գյումրու մասնաճյուղերից, վարչական աշխատողների թիվը 23 է, իսկ հյուրընկալվածներինը՝ 7։ Բավարար չի կարելի համարել նաև ՀՊՏՀ ներգրավվածությունը միջազգային ծրագրերին, քանի որ դրանք հիմնականում իրականցվում են «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում, մինչդեռ այլ ֆոնդերից ֆինանսավորում հիմնականում չի ստացվում»։

Ինչպես ասաց ռեկտորի պաշտոնակատարը, վերանայվում են նաև ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի պատրաստման և պաշտպանության ներկայացման կարգերը, որոնցում ներդրվում են ակադեմիական բարեվարքության պահպանման նոր, ավելի հստակ և խիստ կանոններ։ Սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացման շրջանակներում 2019թ., համաձայն գործող կարգի, զեղչի իրավունք է ստացել 1702 ուսանող, որից 1167-ը՝ առանց եկամտային հարկի պահումների։

«Ինչ վերաբերում է 2019 թ. բյուջեի կատարման ընթացքին, ապա դեկտեմբերի 20-ի դրությամբ ՀՊՏՀ բյուջեի փաստացի մուտքերը կազմել են 2,757,420 դրամ, ինչը տարեկան նախահաշվի 93%-ն է։ Ծախսերը կազմել են 2,482,885 դրամ, ինչը տարեկան նախահաշվի ծախսերի 71%-ն է: Նշենք նաև, որ 2020 թ. բյուջեի պլանավորումը կիրականացնենք ըստ ԶՌԾ առաջնահերթությունների, որը թույլ կտա բարձրացնել ծախսերի արդյունավետությունը և ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը»,- հիմնական հաշվետվությունը եզրափակեց Դիանա Գալոյանը։

Գիտխորհրդի ընդլայնված նիստում ներկաների քվեարկությամբ որոշվեց հավանություն տալ ՀՊՏՀ 2019 թ. ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների մասին հաշվետվությանը, ինչպես նաև այն ներկայացնել բուհի խորհրդի քննարկմանն ու հաստատմանը: Ավարտին բուհի ղեկավարը, շնորհակալություն հայտնելով կոլեկլտիվին վստահության համար, շնորհավորեց գալիք տոների առթիվ, մաղթեց առողջություն, երջանկություն և խաղաղություն, իսկ մեր համալսարանին մաղթեց, որ գալիք տարի այն դառնա հանրապետության լավագույն բուհը՝ շարունակելով իր զարգացումն ու առաջընթացը: Պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ևս շնորհավորանքի ջերմ խոսք հղեց ներկաներին՝ մաղթելով առողջություն և բարօրություն:

Նշենք, որ ՀՊՏՀ 2019 թ. տարեկան հաշվետվությունն ամբողջությամբ հասանելի կլինի հունվարին, ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Հաշվետվություններ» բաժնում:

Գիտխորհրդի ընդլայնված նիստից հետո գիտական խորհրդի հիմնական կազմը քննարկեց և հաստատեց մեկ ընթացիկ հարց ատենախոսությունների և գիտական ղեկավարների հաստատման և վերահաստատման մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին