Գդանսկի համալսարանի հետ արդյունավետ համագործակցությունը շարունակվում է

06.07.2023
Դիտումների քանակ՝ 1339

«Էրազմուս+»-ի միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում  ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի դեկան Նարեկ Կեսոյանը և ֆինանսների ամբիոնի դասախոս Գուրգեն Առաքելյանը հունիսի 19-23-ն այցելել են Գդանսկի համալսարան (Լեհաստան)։

ՀՊՏՀ ներկայացուցիչները հանդիպումներ և արդյունավետ քննարկումներ են ունեցել լեհական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Մոնիկա Բոկի, նույն ֆակուլտետի համագործակցության և զարգացման գծով դեկանի տեղակալ Մագդալենա Մարկևիչի, բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի այլ ներկայացուցիչների հետ։

Երկուստեք ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության ընդլայնման, համատեղ մագիստրոսական ծրագրերի իրականացման ուղղությամբ, հնչել են առաջարկություններ դասախոսների և ուսանողների շարժունության ծրագրերի աշխուժացման վերաբերյալ՝ լավագույն փորձի փոխանակման նպատակով։

Անդրադարձ է կատարվել նաև ՀՊՏՀ-ի՝ միջազգայնացման գործընթացում որդեգրած քաղաքականությանը։ Լեհաստանցի գործընկերները բարձր են գնահատել ՀՊՏՀ ջանքերը՝ կառուցելու հարաբերություններ և նախանշվող ծրագրերում ցուցաբերելու նախաձեռնողականություն։

Գուրգեն Առաքելյանը պրոֆեսորներ Ջոանա Բեդնարզի և Աննա Սպերսկայի ուղեկցությամբ հնարավորություն է ունեցել մասնակցելու ամփոփիչ քննաշրջանին, ինչը, ըստ ՀՊՏՀ դասախոսի, հետաքրքիր ու կարևոր փորձառություն է եղել։

ՀՊՏՀ դասախոսները հանդիպել են նաև «Էրազմուս+»-ի շրջանակում մեկ կիսամյակ Գդանսկի համալսարանում ուսումնառող ՀՊՏՀ ուսանողուհի Էլեն Նավասարդյանին, վերջինիս վերաբերյալ գովեստի խոսքեր լսել հյուրընկալող համալսարանի դասախոսներից։