Այց Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարան

06.11.2024
Դիտումների քանակ՝ 550

«Էրազմուս+»-ի դասախոսների միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում սույն թվականի հոկտեմբերի 21-25-ը Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարան է այցելել ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի դոցենտ Գարիկ Սիրոյանը։

Այցի շրջանակում Արիստոտելի համալսարանի Տարածքային պլանավորման և զարգացման դպրոցի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների համար նա դասախոսել է «Ուղեղների արտահոսք» և «Միգրացիան ու գլոբալիզացիան», իսկ մագիստրատուրայի ուսանողների համար՝ «Միգրացիայի մարդկային կապիտալի մոտեցումները» թեմաներով։ Պրոֆեսոր Պանայոտիս Հատզիպրոկոպիուի հետ միասին Գարիկ Սիրոյանը մասնակցել է բաց քննարկման և ներկայացրել համատեղ կարճ դասախոսություն «Միգրանտների բնակեցման ազդեցությունը անշարժ գույքի տեղական շուկաների վրա» թեմայով: Քննարկմանը ներկայացվել է Արցախից հայ բնակչության բռնի տեղահանության և ռուս-ուկրանիական հակամարտության հետևանքով միգրանտների հոսքերի ազդեցությունը անշարժ գույքի շուկայի վրա ՀՀ-ում և իրականացվել է համեմատություն Հունաստանում անշարժ գույքի շուկայում, միգրանտների ներհոսքով պայմանավորված, զարգացումների հետ:

Գարիկ Սիրոյանի խոսքով՝ ծրագիրը նպաստել է նոր կապերի հաստատմանը, մասնագիտական և անհատական զարգացման հնարավորություն տվել:

«Այսօրվա գլոբալ աշխարհում շատ կարևոր են արտաքին կապերը, որոնք ինչպես բուհական, այնպես էլ անհատական մակարդակում միջազգային ճանաչման լայն հնարավորություն են ստեղծում: Այդ իսկ պատճառով կարևոր է նմանօրինակ ծրագրերին հնարավորինս ակտիվ մասնակցությունը»,- asue.am-ին ասաց Գարիկ Միրոյանը:

Այցի շրջանակում տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ Արիստոտելի համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, քննարկվել են երկու բուհերի համագործակցության խորացման հնարավորությունները համատեղ ծրագրերի և հետազոտությունների իրականացման ուղղությամբ: Քննարկումների արդյունքում պրոֆեսոր Պ. Հատզիպրոկոպիուի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնելու համատեղ ներկայացված թեման և իրականացնելու ավելի խոր ուսումնասիրություն երկու երկրներում անշարժ գույքի շուկայում միգրացիոն հոսքերի ազդեցության վերաբերյալ՝ ելնելով թեմատիկայի արդիականությունից թե՛ երկու երկրների, և թե՛ Երևանի ու Սալոնիկի համար: