Առցանց հասանելի է «Ամբերդ» մատենաշարի 73-րդ թողարկումը

05.11.2024 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 993

ՀՊՏՀ պաշտոնական կայքում հասանելի է «Ամբերդ» մատենաշարի նոր՝ 73-րդ թողարկումը՝ «Արդյունաբերության ոլորտում արտադրողականության բարձրացման և խոչընդոտների վերացման ուղիները Հայաստանում» վերնագրով։

Հետազոտության հեղինակներն են Սոս Խաչիկյանը (հետազոտական խմբի ղեկավար), Գայանե Ավագյանը, Քնարիկ Վարդանյանը, Գարիկ Պետրոսյանը, Աիդա Միրումյանը, Սաթենիկ Գևորգյանը և Սիլվի Ստեփանյանը (հետազոտական խմբի անդամներ)։

Հետազոտությունը նվիրված է ՀՀ արդյունաբերության կառուցվածքային առանձնահատկությունների, ոլորտի դինամիկ զարգացումը խոչընդոտող էական գործոնների բացահայտմանը, արդյունաբերական քաղաքականության կարգավորումների և արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումների արդյունավետության գնահատմանը, ոլորտի զարգացման առաջնահերթությունների, արդիականացման հնարավորությունների ու թվայնացման հեռանկարների մատնանշմանը։

Հետազոտության շրջանակում հատկորոշվել են ՀՀ արդյունաբերության ոլորտում արտադրողականության բարձրացման, ինչպես նաև ՀՀ արդյունաբերական արտադրանքի արտադրության և արտահանման ծավալների վրա ազդեցություն ունեցող առանձին գործոններ, տնտեսաչափական մոդելների կիրառմամբ գնահատվել են հիմնական գործոնների ազդեցության չափն ու նշանակալիությունը: Բացի այդ, գնահատվել է տնտեսության կառուցվածքային փոփոխությունների ազդեցությունը ՀՆԱ-ի վրա, բացահայտվել են տնտեսական անվտանգության բարելավման հնարավորությունները թվայնացման, ինչպես նաև հաղորդակցության ու բեռնափոխադրումների նոր ենթակառուցվածքների գործարկման դեպքում:

Կատարված վերլուծությունների և գնահատումների հիման վրա ախտորոշվել են այն ընդգծված խնդիրները, որոնք խոչընդոտում են ՀՀ արդյունաբերության ոլորտում արտադրողականության բարձրացումը, ներկայացվել են ՀՀ արդյունաբերության ոլորտում արտադրողականության բարձրացման հայեցակարգային նոր մոտեցումներ՝ տնտեսության արդիականացման, թվային փոխակերպումների և փոխգործակցության նոր համակարգի ներդրման համատեքստում: