Այց զորամաս. ՀՊՏՀ ուսանող-զինվորների ծնողները տեսակցել են իրենց որդիներին

Դիտումների քանակ՝ 1746

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, Հայոց բանակի տոնի առթիվ, համալսարանի ղեկավարության աջակցությամբ, կազմակերպել էր մի յուրօրինակ միջոցառում՝ տոնական օր պարգևելով Քարվաճառի զորամասում պարտադիր զինվորական ծառայություն անցնող ՀՊՏՀ ուսանողներին, ինչպես նաև նույն շրջանի դպրոցի աշակերտներին: Փետրվարի 23-ին ՈւԽ ներկայացուցիչներ, ուսանողներ, ՀՊՏՀ ուսանող-զինվորների ծնողներ ու հարազատներ ուղևորվել են Արցախ, այցելել Քարվաճառի զորամաս, ապա շրջանի դպրոց: Նախաձեռնության մասին լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանի հետ:
Զորամաս հասնելուն պես ուսանողները վայելել են զինվոր-ծնող հանդիպման հուզառատ ակնթարթները, ապա շփվել զինծառայողների հետ, դրվատանքի խոսքեր ասել նրանց ու բուհի անունից շնորհակալագրեր հանձնել ՀՊՏՀ-ականներին (նշված զորամասում այժմ ծառայություն է անցնում ՀՊՏՀ 25 ուսանող)՝ իրենց արժանապատիվ ծառայությամբ համալսարանի հեղինակությունը բարձր պահելու համար: Բուհի կողմից զորամասը նվեր է ստացել համակարգիչ: Երևանի պետական կոնսերվատորիայի մի խումբ սաներ, որոնք մեր ուսանողների առաջարկով միացել են Արցախ մեկնող խմբին, երաժշտական ելույթներ են ունեցել, երգ ու պարով քաջալերել, փառաբանել զինվորներին:
Հաջորդիվ ՀՊՏՀ-ականները մեկնել են շրջանի դպրոց, որտեղ հիմնականում սովորում են Քարվաճառի զորամասի սպաների երեխաները: Ուսանողներն աշակերտներին են հանձնել նախօրոք հավաքագրված գրքեր, քաղցրավենիք: «Դպրոցականներին հետաքրքրեցին հատկապես մեր նվիրած գրքերը, հասկացանք, որ սահմանամերձ գյուղի կրթօջախի աշակերտներն իսկապես լրացուցիչ գրականության կարիք ունեն: Սա նկատի ունենալով՝ առաջիկայում ևս քայլեր կձեռնարկենք՝ դպրոցականներին օգտակար լինելու համար»,-ասաց ուսանողական խորհրդի նախագահը:
Ծնողների ու զինվորների, աշակերտների և ուսուցիչների դրական արձագանքները ոգեշնչել են միջոցառման կազմակերպիչներին. ՈւԽ նախագահը նշեց, որ հնարավորության դեպքում առաջիկայում ևս կիրականացնեն նմանօրինակ ծրագրեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին