Ձեռք ենք բերում անհրաժեշտ համակարգչային հմտություններ. ՀՊՏՀ ուսանողները տպավորված են MS Office դասընթացից (ֆոտոռեպորտաժ)
Ավելի քան երկու շաբաթ է՝ դասերի ավարտից հետո ՀՊՏՀ առկա բակալավրիատի 3-4-րդ կուրսերի մի խումբ ուսանողներ մեծ ոգևորությամբ շտապում են համակարգչային լսարաններ՝ մասնակցելու MS Office լրացուցիչ դասընթացին: ՀՊՏՀ ղեկավարության աջակցությամբ իրականացվող անվճար դասընթացը մեծ հետաքրքրություն է առաջացրել ուսանողների շրջանում: Երկու առանձին խմբերում այն վարում են ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Արգամ Արտաշյանը և ասիստենտ Անուշ Թումանյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը զրուցել է երկու խմբերի ուսանողների հետ, արձանագրել նրանց տպավորությունները:
Ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսեցի Անուշ Հակոբյանն ասաց, որ արդեն 7-րդ դասին է մասնակցում և էականորեն բարելավել է համակարգչային հիմնական գիտելիքները: «Աղյուսակների կառուցումից մինչև բովանդակության ստեղծում. սովորում ենք այն, ինչը հաճախ պետք է կիրառենք, օրինակ, անհատական, ավարտական աշխատանքներ գրելիս: Սիրով ենք հաճախում դասերին, պրոֆեսիոնալ դասախոսի ջանքերով ամեն պարապմունքին սովորում ենք նոր ու կարևոր մի բան»,-ասաց Անուշը:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետից Արփինե Շահբազյանը նշեց, որ իր համար կարևոր էր Excel ծրագրի ֆունկցիաներին տիրապետելը, PowerPoint-ով ինֆորմացիան գրագետ ներկայացնելը, ինչն արդեն կարողանում է այս դասընթացի շնորհիվ:
Կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսեցի Սաթենիկ Նիկոլյանն անկեղծացավ՝ առաջին կուրսում չի կարևորել համակարգչային դասընթացը, բայց այժմ, գիտակցելով, որ կադրերի ընտրության հարցում գործատուն ուշադրություն է դարձնում նաև համակարգչային գիտելիքներին, պատասխանատվությամբ է հաճախում լրացուցիչ դասընթացին և նշեց. «Այն ինչ մեզ անհրաժեշտ է վաղը, սովորում ենք այսօր»:
Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Գեղեցիկ Սողոյանը դասընթացին մասնակցելու իր մոտիվացիան հիմնավորեց նրանով, որ հաշվապահները գործնական ոլորտում օգտվում են մի շարք համակարգչային ծրագրերից և դրանց տիրապետելուց առաջ համակարգչային ընդհանուր գիտելիքները խիստ անհրաժեշտ են:
Մասնակիցները գոհունակություն հայտնեցին դասընթացավարներ Արգամ Արտաշյանից և Անուշ Թումանյանից՝ նշելով, որ նրանք ստեղծում են այնպիսի դրական միջավայր, որը թույլ է տալիս առարկան հնարավորինս լավ յուրացնել, ստանալ բոլոր հարցերի պատասխանները:
Ուսանողները նաև շնորհակալություն են հայտնում բուհի ղեկավարությանն ու հավելում՝ սիրով կմասնակցեն օտար լեզվի նմանատիպ դասընթացի:
Նշենք, որ ուսանողների համար անցկացվող MS Office դասընթացը մշակել է ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնը, դասընթացը կազմակերպել է շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը:
Հ.Գ. Լուսանկարներում մեր զրուցակիցներն են:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին