«ՀՊՏՀ խաղեր-2019»-ի հաղթողը կառավարման ֆակուլտետն է. մարզական ու մշակութային մրցահարթակներում

Դիտումների քանակ՝ 1154

Տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կազմակերպած գարնանային ամենամյա մարզամշակութային այս փառատոնն էլ ամփոփվեց՝ դառնալով ակտիվ, շնորհաշատ ու ստեղծագործ ՀՊՏՀ-ականների հերթական գեղեցիկ հիշողությունը:

Այսօր փառատոնի գալահամերգն էր, որում ավանդաբար խտացվում են մեկ ամիս շարունակ տեղի ունեցող փառատոնի ամենասպասված ակնթարթները. երգ ու պարի մրցույթներից հետո մեդալներ, պատվոգրեր ու մրցանակներ ստացան մարզական առաջնությունների և մշակութային մրցույթների հաղթողները, իսկ ամենասպասվածը՝ ամենավերջում էր, հայտարարվեց հանրագումարային արդյունքով առավելագույն միավորներ վաստակած ֆակուլտետի անունը և փոխանցվեց փառատոնի գավաթը: Նպատակասլաց մարզիկներով ու շնորհալիներով լավագույնս աչքի ընկավ կառավարման ֆակուլտետը, որն էլ հաղթեց: Ապագա կառավարիչները կազմակերպչի վարպետությամբ կենտրոնացրել էին ֆակուլտետի մարզամշակութային ներուժը՝ կերտելով առանձին մրցույթների ամենաշատ հաղթանակները:

Այնուամենայնիվ, հաղթողից պակաս ջանասեր չէին մյուս 5 ֆակուլտետների ուսանողները, որոնք մարզվել, աշխատել ու ստեղծագործել են, բեմադրել հումորային ներկայացումներ, պատրաստվել պարային ու երաժշտական ելույթների...Եվ հոբելյանական փառատոնի ամենակարևոր ուղերձը, թերևս, համախմբումն ու միջֆակուլտետային կապերի ամրապնդումն է՝ առողջ ապրելակերպի, հումորի և մշակույթի դերն իմաստավորելու կարևոր կոչով:

Շնորհավորում ենք ուսանողական խորհրդի 25-ամյակին նվիրված «ՀՊՏՀ խաղեր-2019» փառատոնի հաղթող ֆակուլտետին, կազմակերպիչներին՝ ի դեմս նախաձեռնող ՈւԽ-ին և մարզական միջոցառումների անցկացման գործում մեծ աջակցություն ցուցաբերած ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դասախոսական կազմին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին