«Ուսանողական գարուն – 2018»-ի հաղթողը կառավարման ֆակուլտետն է
Ուսանողական գարնանային փառատոնը մարզական, մշակութային շունչ ու երանգ հաղորդեց ընթացիկ կիսամյակին: 10 օր շարունակ մրցասպարեզում իրենց ուժերն էին չափում մարզիկ-մարզուհիները: Հրաձգության, սեղանի թենիսի, վոլեյբոլի (տղաների և աղջիկների), շախմատի, բազկամարտի առաջնություններում օրեցօր ուրվագծվում էր առաջատարի կայուն դիրքը, իսկ մշակութային մասը եկավ լրացնելու ստեղծված պատկերը: Այսպիսով, երգի ու պարի մրցույթների և մարզական առաջնությունների միագումարով երեկ հայտնի դարձավ «Ուսանողական գարուն – 2018» փառատոնի հաղթողը՝ կառավարման ֆակուլտետը: Հաղթանակի խորհրդանիշը հանձնելով՝ ուսանողական խորհրդի նախագահ Հովհաննես Հարությունյանը նշեց, որ այս անգամ գավաթը չուղևորվեց այլ ֆակուլտետ, այլ մնաց հյուրընկալող հարկի տակ:
Իսկ մինչ այդ փառատոնի մշակութային համարները մեջընդմիջվում էին մրցանակաբաշխությամբ:
Վոլեյբոլի տղաների առաջնությունում ֆակուլտետային թիմերին մրցանակները հանձնեց ֆիզկուլտուրայի, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը. 3-ից 1-ին տեղ՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ, կառավարում, տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերություններ: Մյուս մրցանակները հանձնեցին նույն ամբիոնի դասախոսները:
Մեսրոպ Ղուկասյանը պարգևատրեց սեղանի թենիսի հաղթողներին՝ 3-ից 1-ին տեղ՝ ֆինանսական, տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերություններ, կառավարում:
Կառլեն Սարգսյանը մրցանակներ հանձնեց շախմատիստներին՝ 3-ից 1-ի տեղ՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ, տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերություններ, կառավարում:
Արման Գուլյանը մրցանակներ հանձնեց հրաձիգներին՝ 3-ից 1-ի տեղ՝ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպում, կառավարում, հաշվապահական հաշվառում և աուդիտ և բազկամարտիկներին՝ 3-ից 1-ի տեղ՝ հաշվապահական հաշվառում և աուդիտ, տնտեսության կարգավորում և միջազգային տնտեսական հարաբերություններ, կառավարում:
Աղջիկների վոլեյբոլի հաղթող եռյակը իր մեդալներն ստացավ մարքեթինգի ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանից. մրցանակակիրներն էին՝ ֆինանսական, կառավարում, հաշվապահական հաշվառում և աուդիտ:
Մշակութային մրցելույթներում առաջատար դարձավ՝ պար՝ ֆինանսական, երգ՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետները:
Հիշեցնենք՝ «Ուսանողական գարուն–2018» մարզամշակութային փառատոնը մեկնարկել էր մայիսի 21-ին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին