17 պետական բուհերի գրադարանների մասին՝ նոր հրատարակությունում

Դիտումների քանակ՝ 1893

ՀՊՏՀ գրադարանի տնօրինության նախաձեռնությամբ գիտական գրադարանում այսօր կայացավ մանկավարժական գիտությունների դոկտոր, գրականագիտության պրոֆեսոր Գագիկ Սուքիասյանի «Գիրքը, գրադարանը և ընթերցանությունը Հայաստանի պետական բուհերում» ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը:
Ողջունելով ներկաներին՝ գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ գրքի և գրադարանի մարդիկ դժվար են համախմբվում իրար շուրջ, սակայն այս նոր հրատարակությունը լավ առիթ է բուհական գրադարանների աշխատակիցներին համախմբելու համար: Գրադարանի տնօրենը ներկայացրեց գիրքը, անդրադարձավ գրքի և գրադարանի դերին մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում:
Հեղինակը, շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար, նշեց, որ սույն հրատարակությունը իր կողմից համեստ քայլ է գրականագիտական և մատենագիտական մտքի զարգացման գործում: Ձեռնարկում, Գագիկ Սուքիասյանի ներկայացմամբ, տեղ են գտել Հայաստանի 17 բուհերի գրադարանների, այդ թվում ՀՊՏՀ գիտական գրադարանի ստեղծման պատմությունը, գրքային ֆոնդին, սպասարկման և մյուս գործընթացներին վերաբերող վիճակագրություն:
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Կուլտուրայի ֆակուլտետի և Հայաստանի ազգային գրադարանի գիտական խորհուրդների որոշումներով հրատարակության երաշխավորված ձեռնարկում, հեղինակի խոսքով, ֆոնդագիտության տեսանկյունից շրջանառության մեջ են դրվել բուհերի գրադարաններում պահպանվող արժեքավոր և հնատիպ գրքեր: Իսկ պատմատեսական և ուսումնամթեոդական աղբյուրներին տիրապետելու և գիտագործնական անհրաժեշտ խնդիրները լուծելու նպատակով հատուկ ուշադրություն է դարձվել ինքնաստուգման հարցերին, գործնական առաջադրանքներին, հանձնարարելի գրականության մատենագիտությանը և գրադարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշների հստակեցմանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին