«ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները»․ աշխատաժողով ՀՊՏՀ-ում

15.05.2024
Դիտումների քանակ՝ 650

ՀՊՏՀ բակում կայացած Աշխատանքի տոնավաճառից հետո համալսարանում կայացավ «ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության զարգացման հեռանկարները» թեմայով աշխատաժողով, որին մասնակցում էին համալսարանի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներ։

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Աշխատանքի տոնավաճառին ակտիվ ներգրավվածության համար, ապա ընդգծեց, որ համալսարանը շատերի հետ բարեհաջող համագործակցում է և ողջունում է ցանկացած նոր գործընկերության առաջարկ, որը միտված կլինի աշխատաշուկան որակյալ և բանիմաց կադրերով համալրելուն։ Բուհի ղեկավարն ընդգծեց նաև բուհի հիմնական նպատակներից մեկը․ «Կարևոր է, որ մեր այսօրվա համագործակցության շնորհիվ այստեղ գտնվողներից շատերին որպես դասախոսներ կարողանանք բարի գալուստ ասել սեպտեմբերին»։

ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանը ներկայացրեց ՀՊՏՀ-աշխատաշուկա համագործակցության ընթացիկ իրավիճակը՝ անդրադառնալով Տնտեսագիտական համալսարանում շարունակական կրթության և գործընկերների հետ համագործակցային հարաբերությունների զարգացման հնարավորություններին։ Աշխատաժողովի ընթացքում գործընկերների հետ իրականացվեց կարճ հարցում, որի նպատակն էր պարզել վերջիններիս գոհունակության աստիճանը ՀՊՏՀ‒աշխատաշուկա համագործակցությունից, ինչպես նաև ուսանողներից ու շրջանավարտներից։ Այնուհետև ծավալվեց քննարկում, որը Արմեն Գրիգորյանի գնահատմամբ, ՀՊՏՀ փոփոխությունների ճանապարհին չափազանց կարևոր է։

Աշխատաժողովում քննարկվեցին համագործակցության հեռանկարները, հնչեցին աշխատաշուկայի ժամանակակից պահանջներին համապատասխան կրթության բարելավմանը միտված առաջարկներ։

Աշխատաժողովի մյուս նկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում