Կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը

24.06.2021
Դիտումների քանակ՝ 988

Այսօր՝ հունիսի 24-ին, կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի նիստը՝ ռեկտոր Դիանա Գալոյանի նախագահությամբ։ Նիստը հագեցած օրակարգով էր, մանրամասները հակիրճ ներկայացնում ենք ստորև։

  • ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը զեկուցեց 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի և ամփոփիչ ատեստավորման արդյունքների մասին, որի մանրամասները կարող եք տեսնել այստեղ։ Ռեկտոր Դիանա Գալոյանը, ամփոփելով զեկուցումը, ընդգծեց, որ համալսարանը գործունեության բոլոր ուղղություններով բարելավել է քանակական ցուցանիշները և գալիք ուսումնական տարվանից առավելաբար ուշադրության կենտրոնում կլինի որակական ցուցանիշների բարելավումը, որի իրագործման համար արվում են բոլոր անհրաժեշտ քայլերը, այդ թվում՝ գործընթացների փաստաթղթային, մեթոդաբանական կարգավորումներ։
  • Արմեն Գրիգորյանը զեկուցեց ակադեմիական կազմի պաշտոնների տեղակալման մրցույթի արդյունքների մասին՝ նշելով, որ 106 թափուր հաստիքների համար դիմել է 176 հավակնորդ, մրցույթով ընտրվել է 93 հավակնորդ, 13 հաստիք մնացել է թափուր։ Այս մասին մանրամասները կարող եք տեսնել այստեղ։
  • Մրցութային հանձնաժողովի նախագահ, ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը, մի շարք թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթների հարցի շրջանակում, ներկայացրեց թափուր պաշտոններն ու դրանց համար դիմած թեկնածուներին։ Արդյունքում գիտխորհրդի փակ գաղտնի քվեարկությամբ Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրվեց մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի վարիչի ժ/պ, տ.գ.թ., դոցենտ Լուսյա Գալոյանը, Գյումրու մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ մասնաճյուղի ընդհանուր տնտեսագիտության և բնագիտական առարկաների ամբիոնի դասախոս, տ.գ.թ., դոցենտ Գայանե Սալնազարյանը, դոցենտի գիտական կոչում ստացավ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Եվգենյա Բազինյանը։
  • Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը զեկուցեց ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կազմակերպած գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթին ներկայացրած «ՀՀ սահմանամերձ բնակավայրերի անվտանգային հիմնախնդիրները հետպատերազմյան համատեքստում (Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի օրինակով)» (ղեկավար՝ տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մկրտչյան) գիտական թեմայի հայտը երաշխավորելու մասին հարցը, որը երաշխավորվեց։
  • Գիտական խորհուրդը վերահաստատեց մեկ ատենախոսության թեմա և գիտական ղեկավար, հաստատեց դոկտորանտների տարեկան ատեստավորման արդյունքները, ինչպես նաև հրատարակության երաշխավորեց տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Անահիտ Մկրտչյանի «Դիսկրետ մաթեմատիկա (տնտեսագետների համար)», լեզուների ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Ռուզաննա Սարգսյանի և նույն ամբիոնի դոցենտ, մ.գ.թ. Ալլա Մկրտչյանի “Русский язык для студентов экономического профиля: учебное пособие”, լեզուների ամբիոնի դասախոս Քրիստինա Թորգոմյանի “English for IT Students” ուսումնական ձեռնարկները։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին