Գիտությունը Հայաստանում. հիմնական առանձահատկություններն ու միտումները
Գիտությունը Հայաստանում. հիմնական առանձահատկություններն ու միտումները
Գիտության զարգացումը սահմանվել է որպես ՀՀ կառավարության գերակա խնդիր: Համաձայն Կառավարության հնգամյա ծրագրի՝ Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումներին միտված, երկրի տնտեսության մրցունակությանը և անվտանգությանն ամիջականորեն նպաստող: Այդ նպատակին հասնելու համար Կառավարությունը գիտության ոլորտում պլանավորում է ներդնել արդյունավետության վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմներ:
Առաջնահերթությունների բացահայտման և ֆինասնական ռեսուրսների տեղաբաշխման մասով քաղաքականություն մշակողների համար կարևոր է երկրի գիտական կարողությունների գնահատումը: Արդյոք ՀՀ գիտությունը մրցունա՞կ է, ո՞ր ոլորտներն են զարգացած:
Գլոբալ հետազոտական համայնքում դիրքավորման գնահատման և գիտական համակարգերի արդյունավետության միջերկրային համեմատության համար առավել հաճախ կիրառվում է գիտաչափական (bybliometric) վերլուծությունը*: Գիտաչափական ցուցանիշների օգտագործման նպատակահարմարությունը դեռևս 2003 թ. հաստատվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրական ինստիտուտի կողմից, որը որպես գիտական արդյունքի չափման ցուցիչ պարամետրեր ներմուծել է գիտաչափական տվյալները (հրապարակումների քանակ, ցիտման քանակ և այլն):
Գիտության ոլորտում երկրի դիրքի մասին պատկերացում կարելի է կազմել` դիտարկելով Scopus-ում ինդեքսավորված ամսագրերում տվյալ երկրի գիտական հոդվածների քանակը:
2017 թ. Scopus-ում ինդեքսավորված ամսագրերում հայաստանյան գիտնականները տպագրել են 1072 հոդված: Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է 93-րդ տեղը աշխարհի 230 երկրների շարքում: Եթե դիտարկենք վերջին 10 տարիների շարժընթացը, ապա կնկատենք, որ չնայած հոդվածների թվաքանակի ավելացմանը, ՀՀ դիրքը վատթարացել է: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ համաշխարհային հրապարակումների թվաքանակը աճում է ավելի բարձր տեմպերով:
Գծապատկեր 1-ից երևում է, որ 2012 թվականից սկսած հայաստանյան հոդվածների թվաքականը գրեթե չի փոխվել, այն դեպքում, երբ հարևան երկրների գիտնականների հրապարակումների թվաքանակն անշեղորեն աճում է:
Որպես գիտական արդյունքի գնահատման ցուցանիշ՝ հրապարակումների թվաքանակն ունի սահմանափակումներ: Տվյալների նման ձևով ներկայացումը կողմնակալություն է պարունակում բնակչության մեծ թիվ ունեցող երկրների օգտին: Այդ իսկ պատճառով մենք դիտարկել ենք մեկ մլն բնակչության հաշվով հրապարակումների քանակը:
Հոդվածների քանակով Հայաստանը զիջում է Ռուսաստանին, Ուկրաինային, Վրաստանին, Ղազախստանին, Բելառուսին, Վրաստանին և Ադրբեջանին: Սակայն երբ դիտարկում են 1 մլն բնակչության հաշվով հոդվածների քանակը, դիտարկվող երկրներից Հայաստանի նկատմամբ առաջանցիկ դիրք ունեն միայն Ռուսաստանն ու Վրաստանը: Ընդ որում՝ մինչև 2014 թ. այս ցուցանիշով Հայաստանը զիջում էր միայն Ռուսաստանին:
Միջազգային տվյալների շտեմարանի վիճակագրությունը թույլ է տալիս հասկանալ, թե գիտության որ ոլորտներում են առավել հաճախ հրապարակվում հայաստանյան գիտնականները: Համեմատելով երկրի գիտական հրապարակումների թեմատիկ կառուցվածքը համաշխարհային կառուցվածքի հետ՝ կարելի է որոշել երկրի գիտական մասնագիտացման ուղղությունները: Գիտական մասնագիտացման ինդեքսը** հաշվարկվում է որպես այդ երկրի ընդհանուր հրապարակումների մեջ i-րդ ոլորտի հրապարակումների մասնաբաժնի և գլոբալ հրապարակումների կառուցվածքի նույն ցուցանիշի հարաբերակցություն: Եթե ինդեքսը մեծ է մեկից, ապա այդ գիտական ուղղությունը պատկանում է երկրի գիտական մասնագիտացման ոլորտներին:
Դիտարկվող ժամանակահատվածում մասնագիտացման առավել կայուն ոլորտներ են «ֆիզիկա և աստղագիտություն», «մաթեմատիկա», «երկրագիտություն և նյութագիտություն» գիտական ուղղությունները: «Ֆիզիկա և աստղագիտություն» ոլորտի հոդվածները կազմում են հայաստանյան հոդվածների 55%-ը: Նվազել է «քիմիա», «նյութագիտություն» ոլորտներում մասնագիտացման աստիճանը: 2017 թ. կտրուկ ավելացել է «տնտեսագիտություն, էկոնոմետրիկա և ֆինանսներ» գիտական ոլորտում հրապարակվող հոդվածների թիվը (18 հոդված): Հարկ է նշել, որ մինչև 2004 թ. «տնտեսագիտություն, էկոնոմետրիկա և ֆինանսներ» գիտական ոլորտում հոդվածներ չեն հրապարակվել, իսկ 2005-2016 թթ. տարեկան միջինը 2.2 հոդված (հոդվածներ հրապարակել են հիմնականում ՀՀ ԿԲ աշխատակիցներ և հայաստանյան բուհերի այցելու գիտնականներ): Կարծում ենք՝ 2017 թ. ակտիվությունը պայմանավորված է նաև գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի փոփոխությամբ, որի համաձայն դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար պարտադիր է դարձել հոդվածների հրատարակումը Scopus-ում և Web of Science –ում ինդեքսավորված ամսագրերում: Սա թույլ է տալիս ենթադրել, որ որոշակի խթանների առկայության պարագայում տնտեսագիտության ոլորտը կարող է տալ մրցունակ գիտական արդյունք:
Այսպիսով, հայաստանյան գիտությունն ունի գիտության խորհրդային մոդելին բնորոշ կառուցվածքային անհամամասնություններ: Գիտության առաջատար ճյուղերը մնում են ճշգրիտ գիտությունները, այն ժամանակ, երբ 21-րդ դարում առաջին պլան են մղվում կենսաբանական, շրջակա միջավայրի և համակարգչային գիտությունները:
Գիտական գործունեությունն ուղիղ ձևով չի ազդում տնտեսական զարգացման վրա, համենայն դեպս, ոչ կարճաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում, թեև վերջին տասնամյակներում գիտական հայտնագործությունները տեխնոլոգիական նորարարությունների վերածելու համար անհրաժեշտ ժամանակը աստիճանաբար նվազում է: Քաղաքականություն մշակողների համար նախ և առաջ անհրաժեշտ է գնահատել երկրի գիտական կարողությունները, ինչը թույլ կտա սահմանել գերակայությունները և իրականացնել միջոցների արդյունավետ բաշխում:
*Գիտաչափությունը գիտական աշխատանքների ուսումնասիրությունն է մաթեմատիկական և վիճակագրական մեթոդների կիրառմամբ:
Վերլուծականներ՝
- Հին խնդիրներ, նոր լուծումներ. Հայաստանի նորարարական ոլորտի զարգացումները 2018 թվականին
- Ինչ է արտահանում և ներմուծում Հայաստանը
- Գլոբալ նորարարությունների ինդեքս. Հայաստանի նորարարական համակարգը 59-րդն է
- ՀՀ պետական պարտքի աճը կարող է խնդրահարույց լինել տնտեսության համար
- Վերլուծական կենտրոնների վարկանշավորումը. մեթոդաբանական հարցեր
Հետազոտություններ՝
- Չինաստանի ուղեղային կենտրոնները
- Հայաստանի բուհական վերլուծական կենտրոնները
- Հայաստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում. տնտեսություն և քաղաքականություն
- Արտասահմանյան առաջատար համալսարանական «ուղեղային կենտրոնների» գործունեության ուսումնասիրությունն ու լավագույն փորձի ներդրման հնարավորությունները ՀՀ-ում
Զեկույցներ՝