Ի՞նչ ազդակ է փոխանցում բուհերին COVID-19-ը

Վարդան Աթոյան
քաղաքական գիտությունների դոկտոր
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
փոխտնօրեն-ավագ փորձագետ

Աշխարհում մոլեգնող թագավարակը չէր կարող չանդրադառնալ նաև բարձրա­գույն ուսումնական հաստատություններում աշխատանքների կազմակերպման ձևաչա­փի վրա: Ստեղծված իրավիճակում աշխարհի հազարավոր համալսարաններ անցում են կատարում առցանց ուսուցման կրթաձևին: Թեև կրթական ծառայությունների մատուց­ման այս ձևաչափի նման ծավալով կիրառումը թվում է ժամանակավոր երևույթ է, սա­կայն առավել հավանական է, որ վերջինս երկարաժամկետ ազդեցություն կթողնի հա­մալսարանների վրա՝ խթանելով համալիր վերափոխումների շղթայական գործընթացներ:

Ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ՝ Հայաստանի բազմաթիվ բարձրագույն ուսումնական հաստատություններ անցած տարիներին, թեև տարբեր արագությամբ և արդյունավետությամբ, սակայն շարունակ փորձեր են կատարել ներդնել առցանց դասընթացներ և կրթական ծրագրերում աստիճանաբար ավելացնել հիբրիդային և հեռավար ուսուցման բաղադրիչը: Այնուամենայնիվ, հայտարարված արտակարգ դրության պայմաններում՝ Հայաստանի բուհերը ստիպված են դասընթացները կտրուկ և ամբողջությամբ տեղափոխել համացանցային տիրույթ, ինչը բնականաբար կարող էր որոշակի խնդիրներ առաջացնել: Նույնիսկ նման կտրուկ անցումը հեռավար ուսուցմանը կարող է առավելագույնս արագ ու հարթ ընթանալ այն համալսարանների համար, որոնք արդեն իսկ ստեղծել են սեփական առնցանց հարթակներ, ձևավորել են համապատասխան ենթակառուցվածքներ, մշակել՝ որոշակի կառուցակարգեր և որոնց անձնակազմը ունի համապատասխան հմտություններ ու փորձառություն՝ նման մեթոդով դասավանդում կազմակերպելու համար: Սակայն, հատկապես Հայաստանի բազմաթիվ բուհերի համար համավարակի կողմից պարտադրված իրավիճակը իրական մարտահրավեր է, քանի որ նշանակալի թվով դասախոսներ ժամանակ չեն ունեցել համապատասխանեցնելու սեփական ուսումնական նյութերն ու ուսուցման մեթոդները: Բացի այդ, շատերը նման փորձառություն չունեն և տնային պայմաններում առցանց ռեժիմով դասավանդում իրականացնելու ընթացքում կարող են ունենալ տարրաբնույթ տեխնիկական խնդիրներ: Հանրագումարում, վերոնշյալ խնդիրները կարող են էակա­նորեն նվազեցնել դասախոսությունների արդյունավետությունը:

Ակնհայտ է, որ հատկապես սկզբնական փուլում կտրուկ անցումը հեռավար ուսուցմանը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել, սակայն առավել երկար ժամանակահատվածում և համապատասխան պայմանների ու ենթակառուց­վածքների ապահովման պարագայում դասավանդողներն ու ուսանողները կհարմար­վեն կրթության մատուցման այս ձևաչափին և առավել առարկայական կզգան նման կրթաձևի առավելությունները: Այս գործընթացում մեծապես օգտակար կարող է լինել համալսարանների և առնցանց դասընթացների նախագծման և ներդրման աշխատանք­ներում մասնագիտացված կազմակերպությունների (այդ թվում՝ արտերկրի) հետ համա­գործակցությունը, դասախոսների համապատասխան վերապատրաստումների կազմա­կերպումը, որոնք թույլ կտան հնարավորին չափ սեղմ ժամկետներում անցում կատարել դասավանդման նման ձևաչափին: Այսպես, դասախոսների հմտությունների կատար­ելագործման առումով օգտակար կարող է լինել նաև Bentley University-ի պրոֆեսոր Բիլ Շիանոյի (Bill Schiano) կողմից մշակված «Ինչպես արագ հարմարվել առցանց ուսուցմանը» ուղեցույցը: Ակնհայտ է, որ նման ծրագրերի լիարժեք ներդրման համար ժամանակ և ռեսուրսներ են հարկավոր, սակայն, կարծում ենք, հարկ է առաջին հնարավորության դեպքում այս ուղղությամբ ակտիվացնել ջանքերը:

Ներկայումս հայաստանյան տարբեր բուհեր առցանց ուսուցման կազմակերպման համար փորձում են օգտվել Ֆեյսբուք և այլ համանման սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորություններից: Սակայն հարկ է նշել, որ այդ սոցիալական հարթակները նախատեսված չեն նման գործընթացների կազմակերպման համար, վերջիններս գործառնական առումով լիարժեք չեն և կարող են ծառայել միայն որպես իրավիճակի կտրուկ զարգացմամբ պայմանավորված ժամանակավոր լուծումներ: Բացի այդ, այստեղ առկա է նաև մարդու իրավունքներին, մասնավորապես կամքի ազատությանն առնչվող խնդիր, քանի որ ոչ բոլորը դասախոսները կամ ուսանողները ցանկություն ունեն օգտա­հաշիվ ունենալ կամ ակտիվություն ցուցաբերել նման սոցիալական ցանցերում: Նման ծրագրերի իրականացման լավագույն ձևը սեփական հարթակի ստեղծումն է կամ առնվազն՝ տվյալ նպատակների համար մասնագիտացված հարթակների օգտագոր­ծումը, ինչպիսինն են, օրինակ՝ Google Classroom-ը և Zoom-ը: Հաշվի առնելով հայաս­տանյան բուհերի սահմանափակ ռեսուրսները՝ սեփական մասնագիտացված հարթակ­ների ստեղծման համար անհրաժեշտ է ուսումնասիրել արտերկրի առաջավոր փորձը, որտեղ համեմատաբար փոքր կարողություններ ունեցող համալսարանները միավոր­վում են կոնսորցիումներում, ինչը հնարավորություն է տալիս միատեղել ռեսուրսները՝ բոլոր մասնակիցների համար ընդհանուր օգտագործման համար նախատեսված ենթակառուցվածքներ ստեղծելու և համալսարաններին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ լուծելու համար:

Թեև սկզբնապես՝ պատշաճորեն պատրաստված առցանց դասընթացների մշա­կումը ներդրումներ է պահանջելու, սակայն ժամանակի ընթացքում դրանք կարող են խնայողություններ գեներացնել: Մասնավորապես նման կրթական ծրագրերի ներդրումը կարող է խնայել ուսանողների տրանսպորտային և հարակից այլ ծախսերն ու ժամանակը: Այս կրթաձևի համար կարևոր չէ մասնակիցների աշխարհագրական հեռավորությունը: Համալսարանի կողմից մասնագիտական գրականության առցանց եղանակով տրամադրումը առավել կբարձրացնի գործընթացի արագությունն ու արդյունավետությունը: Բացի այդ, առցանց դասընթացների միջոցով համալսարանները կարող են ծառայություն մատուցել առավել մեծ թվով ուսանողներին, ինչից ձևավորված խնայողության հաշվին հնարավոր կլինի նվազեցնել ուսման վարձավճարները:

Ամփոփելով նշենք, որ առցանց ձևավաչափով ուսուցման տարածումը առնվազն տեսանելի ապագայում չի կարող փոխարինել և չպետք է ամբողջապես դուրս մղի ավան­դական կրթաձևը: Առկա ուսուցումը նույնպես ունի ժամանակով ապացուցված անառարկելի առավելություններ: Առկա ուսուցման առավելություններից կարող ենք առանձնացնել դասախոսների կողմից ուսանողներին մոտիվացման և մենթորության հնարավորությունը, փորձի փոխանցման և կենդանի շփման միջոցով սոցիալական հմտությունների ձևավորումը, ինչպես նաև համալսարանական միջավայրի ակադե­միական ու դաստիարակիչ ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա: Բացի այդ, որո­շակի մասնագիտությունների պարագայում դեռ երկար ժամանակ առկա ուսուցումը անփոխարինելի է լինելու: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ առցանց կրթաձևի առա­ջանցիկ զարգացումը ժամանակի հրամայականն է և COVID-19-ի արդյունքում ստեղծ­ված իրավիճակը՝ առաջիկայում այս ուղղությամբ ջանքերն ակտիվացնելու համար լրջագույն ազդակի դեր է իրականացնելու:

Մարտ, 2020

Հեղինակի այլ նյութերը
  Վերլուծականներ՝

Հետազոտություններ՝

Զեկույցներ՝

Հարցազրույցներ՝