ՀՊՏՀ-ն հայտարարում է առկա մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա ընդունելություն
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հայտարարում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 2023-2024 ուսումնական տարվա ընդունելություն։
Պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) ընդունելությունն իրականացվում է ըստ դիպլոմի հավելվածում գրանցված ուսումնառության բոլոր կիսամյակների հանրագումարային միջին որակական գնահատականի՝ ըստ սահմանված առաջնահերթությունների։ Առկա ուսուցման մագիստրատուրա՝ բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) կարող են դիմել ՀՊՏՀ և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բուհերի առկա և հեռակա ուսուցման ընթացիկ և նախորդ տարիների բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորում ունեցող շրջանավարտները։
Պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի հունիսի 5-ից 20-ը ներառյալ։
Բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ (վճարովի) տեղերի համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են առցանց, 2 (երկու) փուլով.
- առաջին փուլ` 2023 թվականի հունիսի 5-ից 20-ը ներառյալ,
- երկրորդ փուլ՝ 2023 թվականի օգոստոսի 15-ից 30-ը ներառյալ։
Առաջին փուլի դիմորդները շեմային քննությունը հանձնում են 2023 թվականի հունիսի 22-ին, ժամը 12:00-ին, երկրորդ փուլի դիմորդները՝ 2023 թվականի օգոստոսի 31-ին, ժամը 12։00-ին։ Դիմորդները շեմային քննությունը հանձնում են բանավոր: Շեմային քննությունների հարցաշարերը կհրապարակվեն ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Դիմորդ» բաժնում։
Առկա մագիստրատուրայի մասնագիտությունները, ուսման վարձերը և ընդունելության բոլոր մանրամասները կարող եք տեսնել ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից ստացված կից հայտարարության մեջ, ընդունելության կարգին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում:
ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի հետ կարող եք կապ հաստատել 010 58-94-43, 010 59-34-73 հեռախոսահամարներով, գրել dimord@asue.am էլփոստին կամ «ՀՊՏՀ դիմորդ» ֆեյսբուքյան խմբին։