Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններ (2020-2021 ուսումնական տարի)

01.07.2020
Դիտումների քանակ՝ 1616

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ ԿԳՄՍ նախարարություն), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում աշխատող դիվանագետների ընտանիքների անդամների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 700-Ն և ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը հաստատելու մասին» N 1295-Ն որոշումները, սկսում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2020-2021 ուսումնական տարումՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ընդունվելու համար:

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերն առցանց պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝

  • անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար. 2020թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ.
  • վճարովի առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսանելու համար.  2020 թվականի հուլիսի 13-ից մինչև սեպտեմբերի 25-ը ներառյալ,
  • վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար.  2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,
  • վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար.  2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
  • վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար.  2020 թվականի հուլիսի 13ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,
  • վճարովի առկա ուսուցմամբ նախնական մասնագիտական (արհեստագործական) և վճարովի առկա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար.  2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 25-ը ներառյալ,
  • հեռակա ուսուցմամբ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանելու համար.  2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 20 -ը ներառյալ,
  • վճարովի առկա ուսուցմամբ նախապատրաստական բաժանմունքում ուսանելու համար.  2020 թվականի հուլիսի 13-ից մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ:

Փաստաթղթերն առցանց ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են`

  • դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից
  • բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և մնացած բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով: