Տնտեսագիտական համալսարանի բակում կայացավ Աշխատանքի տոնավաճառ՝ 50-ից ավելի գործատուների և շուրջ 4000 աշխատանք փնտրողների մասնակցությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

08.10.2021
Դիտումների քանակ՝ 1605

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակում տեղի ունեցավ երկար սպասված Աշխատանքի տոնավաճառը, որ կազմակերպվել էր Տնտեսագիտական մայր բուհի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և նույն նախարարության Միասնական սոցիալական ծառայության համատեղ ջանքերով, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ ՀՊՏՀ լեփ-լեցուն բակում կազմակերպված Աշխատանքի տոնավաճառը համախմբել էր պետական գերատեսչությունների ներկայացուցիչներին և տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 50 առաջատար ընկերությունների՝ բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային, կրթական, հաշվապահական և աուդիտորական, հեռահաղորդակցության և այլ ոլորտներ ներկայացնող կազմակերպություններ։

Ողջունելով տոնավաճառի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով գործատու գործընկերներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ Տնտեսագիտական համալսարանը խիստ կարևորում է գործատուների հետ սերտ համագործակցությունը, նրանց կարիքների վերհանումն ու դրան համապատասխան՝ կրթական ծրագրերում փոփոխությունների իրականացումը։ «Մեզ համար կարևոր է ի սկզբանե կրթել ուսանողների, որոնք օժտված կլինեն այնպիսի կարողություններով ու հմտություններով, որոնք այսօր անհրաժեշտ են աշխատաշուկային։ Հուսով եմ, որ Աշխատանքի տոնավաճառը մեր ուսանողներին և միջոցառման մյուս մասնակիցներին հնարավորություն կտա ապահովվելու աշխատանքով, քանի որ վստահ եմ՝ կա աշխատանք, և դրա համար անհրաժեշտ են որակյալ կրթություն և համապատասխան հմտություններ», - նշեց Դիանա Գալոյանը։

«Օրը խորհրդանշական է, քանզի երեկ նշում էինք Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրը»,- ողջունելով ներկաներին՝ հիշեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարի խոսքով՝ նման միջոցառումները հնարավորություն են տալիս միևնույն հարթակում մի կողմից համախմբելու գործատուներին, մյուս կողմից՝ անձանց, որոնք աշխատանք են փնտրում, ինչպես նաև համալսարանները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները։ «Այս աշխատաշուկան մեծապես պետք է նպաստի գործատուի և աշխատելու ցանկություն ունեցող մարդկանց հանդիպմանը։ Կառավարության համար նմանատիպ միջոցառումների անցկացումը խիստ կարևոր նշանակություն ունի։ Մեզ համար կարևոր է հասկանալ աշխատաշուկայի պահանջները՝ ավելի հասցեական պատվեր իջեցնելու համար ակադեմիական ոլորտին, ինչն էլ հնարավորություն կտա համապատասխան կադրեր պատրաստելու աշխատաշուկայի համար»,- նշեց նախարարը։

ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Թռչունյանն ընդգծեց այսօրինակ միջոցառումների կարևորությունը հենց ուսանողների համար։ «Հանդիպումներն ու մասնավոր զրույցները, որոնց հնարավորությունը տալիս է աշխատանքի տոնավաճառը, խթանող ազդեցություն ունեն ուսանողության համար՝ գործատուների հետ շփվելու և հասկանալու, թե ինչ գիտելիքներ ու հմտություններ են անհրաժեշտ իրենց՝ լավ աշխատանք ունենալու համար»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ նմանատիպ միջոցառումները պետք է լինեն ամենամյա, ավելի ընդգրկուն և ուսանողներին հնարավորություն տան՝ հասկանալու իրենց տեղն ու դիրքը աշխատաշուկայում։ Կարեն Թռչունյանը նաև համոզմունք հայտնեց, որ շատ ուսանողներ հենց այսօր էլ՝ Աշխատանքի տոնավաճառի շնորհիվ, կգտնեն իրենց աշխատանքը։

Ողջույնի ելույթներից հետո ներկաները ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ուղեկցությամբ շրջեցին տաղավարներում, զրուցեցին գործատուների և տոնավաճառի մյուս մասնակիցների հետ։

Տաղավարների մոտ ակտիվ եռուզեռ էր։ Տոնավաճառի մասնակիցները շրջում էին, թողնում ինքնակենսագրականներ։ Գործատուներն էլ, աշխատուժի պահանջը լրացնելու նպատակով, ներկայացնում էին թափուր հաստիքների և դրանց համալրման վերաբերյալ տեղեկատվություն՝ ամեն կերպ ջանալով տնտեսության զարգացող ոլորտների, նոր մասնագիտությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնել Աշխատանքի տոնավաճառի այցելուների շրջանում։ Անմիջական հաղորդակցման միջոցով վերջիններս ստանում էին իրենց հարցերի պատասխանները, օգտվում ընձեռված լայն հնարավորությունից։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արմինե Աղայանը տեղեկացրեց, որ իրենք ներկայացրել են հիմնականում աշխատանքային փորձ չպահանջող պաշտոնները․ «Նախարարության թափուր հաստիքների հետ կապված մեծ հետաքրքրություն կա հատկապես մասնագիտական, 6, 7, 8-րդ ենթախմբի պաշտոնների հանդեպ, քանի որ այնտեղ աշխատանքային փորձ չի պահանջվում, ու շուկայում հիմնականում ուսանողներ են։ Նաև ծրագրավորման և լեզվի դասընթացներ ենք իրականացնում, որոնց մասնակցելուց և տեխնոլոգիական ընկերություններում գործնական պրակտիկա անցնելուց հետո ծրագրի մասնակիցները կարող են աշխատանքի ընդունվել հենց այդ ընկերություններում»։

ՀՀ կենտրոնական բանկում, օրինակ, մակրոտնտեսագետի, մեթոդաբանի, ՏՏ ոլորտի աշխատողների պահանջարկ կա: «Ողջունում ենք այս նախաձեռնությունը, որ գործատուներին և ուսանողներին մոտեցնում է իրար։ Հույս ունենք, որ տոնավաճառը մեզ հնարավորություն կտա գտնելու խելացի և պահանջված մասնագետների»,- նշեց ԿԲ վերլուծաբան Լիանա Բալայանը։

Հայէկոնոմբանկի մարքեթինգի բաժնի ներկայացուցիչ Նաիրի Քամալյանի փոխանցմամբ՝ իրենց տաղավարից այսօր առաջարկվել են թափուր հաստիքներ հենց Տնտեսագիտական բուհի ուսանողների համար․ «Մենք հնարավորություն ենք տալիս փորձ չունեցող ուսանողներին պրակտիկա անցնելու մեզ մոտ՝ հետագայում իրենց մասնագիտական կարիերան այնտեղ շարունակելու համար»։

ԱԿԲԱ բանկի հավաքագրման թիմի անդամ Մարինե Սուքիասյանն էլ հուսով է, որ ուսանողները մեծ հետաքրքրություն կցուցաբերեն բանկի նկատմամբ․ «Մի շարք թափուր հաստիքներ ունենք, որոնք կարող են գրավել ուսանողներին։ Մենք շատ ենք գնահատում նրանց ներուժն ու մեծ տեղ ենք տալիս նրանց մոտիվացիային»։

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության մարդկային ռեսուրսների բաժնի աշխատակից Հայարփի Զիրոյանի խոսքով՝ ռեստորանային ոլորտում այսօր թիվ մեկ խնդիրն ավելի բարձր մակարդակի սպասարկում ապահովելն է, տոնավաճառին մասնակցում են՝ ուսանողներին աշխատանքային փորձի հնարավորություն տալու նպատակով։

«Դասավանդիր, Հայաստան»-ը տոնավաճառին ներկայացել էր հիմնականում իր երկամյա կրթական ծրագրով, որի շրջանակներում ուսուցիչ-առաջնորդներին ուղղորդում են ՀՀ տարբեր համայնքներ։ Հավաքագրման թիմի ղեկավար Սամվել Վանյանի խոսքով՝ «Դասավանդիր, Հայաստան»-ն ուսանողների շրջանում և համալսարանական միջավայրում ամենապահանջված և ամենաշատ հաստիքներ ունեցող կազմակերպությունն է, որն աջակցում է նաև համայնքային բիզնես-նախաձեռնություններին, իրենց բիզնես-գաղափարներն իրականացնելու գործում օգնում անհատներին։ Նման ուղղվածությամբ մասնագետների մեծ պահանջարկ կա Հայաստանի տարբեր համայքներում, և տոնավաճառին ներկայանալը, Սամվել Վանյանի խոսքով, հենց դրանով է պայմանավորված։

Ընդհանուր առմամբ, Աշխատանքի տոնավաճառին մասնակցել են շուրջ 4000 աշխատանք փնտրողներ, որոնք հնարավորություն ունեցան ծանոթանալու 50-ից ավելի գործատուների աշխատանքի առաջարկին։