ՀՊՏՀ-ում կայացավ վարպետության դաս՝ ուսանողների աշխատանքային իրավունքների վերաբերյալ

22.04.2022
Դիտումների քանակ՝ 943

Ապրիլի 21-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Շուշանա Սիրականյանը և փաստաբան Արաքսյա Բագդատյանը հանդես եկան «Ի՞նչ է պետք իմանալ աշխատանքային պայմանագիր կնքելիս» թեմայով վարպետության դասով։

Հանդիպմանը ներկա էին հինգ տասնյակ ուսանողներ, այդ թվում՝ հայաստանյան այլ բուհերից։ Դասընթացն իրականացվեց հիմնադրամի «Աշխատանքային իրավունք ուսանողների համար» ծրագրի շրջանակում, որի նպատակն էր աշխատաշուկա մտնող ուսանողներին կարևոր և անհրաժեշտ գիտելիք փոխանցել աշխատանքային իրավունքների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՀ աշխատաշուկայի հիմնախնդիրները, ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքները, ուսանողների հետ առնչվող կամավորական աշխատանքի և փորձաշրջանների ընթացքում առաջացող խնդիրներն ու լուծումները, աշխատանքային պայմանագրի և ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կնքման ու լուծման առանձնահատկությունները։

Հանդիպումն ավարտվեց ՀՀ աշխատաշուկայի հիմնախնդիրների ինտերակտիվ քննարկումով և սոցիալական գործընկերության մոդելի վերաբերյալ խմբային աշխատանքով։