ՈւԳԸ նստաշրջանին ընդառաջ ուսանողները զինվեցին գործնական հմտություններով

14.12.2023
Դիտումների քանակ՝ 743

Դեկտեմբերի 13-ին ՀՊՏՀ ուսանողական գիտա­կան ընկերության և «Ամբերդ» հետազո­տա­կան կենտրոնի նախաձեռնությամբ միջազգային ծրագրերի կենտրոնում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում, որին ներկա էին ՈւԳԸ 42-րդ՝ «ՀՀ տնտեսության զարգացման արդի հնարավորությունները» խորագ­րով նստաշրջանին մասնակցելու ցանկություն ունեցող ավելի քան հինգ տասնյակ ուսանողներ։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ասաց․ «Ուրախալի է տեսնել ուսանողների մեծ հետաքրքրվածությունը գիտական ընկերության աշխատանքի նկատմամբ։ Այս հանդիպման հիմնական նպատակը ՈւԳԸ-ին մասնակցելու կարևորության ընդգծումն է և մեթոդապես ուղղորդումը, քանի որ շատերդ առաջին քայլերն եք կատարում գիտության ու հետազոտության ոլորտում։ Գիտելիքը, առհասարակ, կարիք ունի պարբերաբար արդիականացվելու, և բուհի համար շատ կարևոր է, որ տեսական գիտելիքին զուգահեռ ձեզ գործնական հմտություններ փոխանցի, այս դեպքում՝ հետազոտական աշխատանքի փորձ և կարողություններ։ Հուսով եմ՝ 42-րդ նստաշրջանին ձեր մասնակցությունը կլինի նույնքան ակտիվ, և այդ կարևոր փորձը դուք ձեռք կբերեք»։

ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը ներկայացրեց ֆակուլտետների պատասխանատուներին և ՈՒԳԸ ուսանողական կազմի անդամներին, անդրադարձավ ուսանողների կողմից հաճախ տրվող հարցերին։

«Գիտական հետազոտության մեթոդաբանություն» թեմայով բանախոսեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ.գ.դ. պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը՝ անդրադառնալով նստաշրջանին ներկայացվող աշխատանքների կառուցվածքին, կանոնակարգին, պահանջներին, միջազգային ամսագրերում տպագրվելու կարևորությանը։ Պրոֆեսորն ուսանողներին փոխանցեց հետազոտական հմտություններ, նրբություններ և գաղտնիքներ, ներկայացրեց ճիշտ վերնագրի ընտրության կարևորությունը, վերլուծության ու վիճակագրական տվյալների ներառման հիմնական պահանջները, առաջարկություններում և եզրակացություններում տարածված սխալները, դրանցից խուսափելու ձևերը և հղումներ կատարելու կանոնները։

Նստաշրջանի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։