Կլոր սեղան-քննարկում՝ նվիրված ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 10-ամյակին

10.11.2023 Ամբերդ
Դիտումների քանակ՝ 1288

Նոյեմբերի 10-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ «ՀՀ տնտեսության ներառական զարգացման ուրվագծեր» խորագրով։ Այն նվիրված էր ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 10-ամյա հոբելյանին։

Համալսարանի նիստերի դահլիճում կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին ՀՀ պետական կառավարման մարմինների, Կենտրոնական բանկի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, ՀՊՏՀ ղեկավարությունը, բուհի ակադեմիական կազմի անդամներ, հյուրեր։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը։ Ողջունելով ներկաներին՝ ռեկտորը մասնավորապես ասաց․ «Շնորհակալություն, որ «Ամբերդի» 10-ամյակին նվիրված գիտական միջոցառման շրջանակում այս ուրախ օրը մեզ հետ եք։ Այսօր իսկապես մեզ համար առանձնակի հիշարժան օր է, քանի որ Տնտեսագիտական համալսարանը տոնում է իր «զավակի» 10-ամյա հոբելյանը։ Մեկ տասնամյակ առաջ մի քանի իդեալիստ էնտուզիաստներ, այս գաղափարով տոգորված, որոշեցին, որ ՀՊՏՀ-ն պետք է ունենա իր հետազոտական ուղեղային կենտրոնը, և անցած տասնամյակում «Ամբերդը» իր ուրույն տեղը նվաճեց տնտեսագիտական մտքի գիտահետազոտական միջավայրում»։

Ռեկտորն ընդգծեց, որ «Ամբերդը» կարողացել է վերաճել ուղեղային այնպիսի կենտրոնի, որն առաջատարներից մեկն է ոչ միայն հանրապետությունում, այլև տարածաշրջանում և արդեն մի քանի տարի հաստատուն կերպով իր դիրքերն է ամրապնդում ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանիշերում։

«Այս նշանակալի ձեռքբերումների հիմքում մի ողջ թիմի հետևողական աշխատանք է, գիտության և կրթության նվիրյալների ջանքեր։ Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել կենտրոնի ղեկավարությանը, փորձագիտական թիմին, բոլոր հետազոտողներին և բուհի գիտական խորհրդի, ակադեմիական կազմի անունից շնորհավորական ուղերձներ հանձնել հետազոտական կենտրոնի երեք տնօրեններին»,- ասաց Դիանա Գալոյանը։

Շնորհակալական ուղերձներ հանձնելով կենտրոնի ավագ փորձագետ Սամվել Ավետիսյանին, ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանին և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանին՝ ռեկտորը խոսքը փոխանցեց վերջինիս։

Դավիթ Հախվերդյանը շնորհակալություն հայտնեց իրենց աշխատանքը բարձր գնահատելու համար և անդրադարձավ կլոր սեղան-քննարկման թեմային՝ տնտեսության ներառականությանը․«Քննարկման առանցքում տնտեսական աճի ներառականությունն ենք ընտրել, կլինեն 3 զեկույցներ։ Ինչո՞ւ ներառականություն․ մի կողմից՝ շատ հավակնոտ և բազմավեկտոր թեմա, մյուս կողմից՝ հանրության բոլոր շերտերի շահերը, կենսակերպը շոշափող թեմա։ Իհարկե, մենք չենք հավակնում տալ բոլոր հարցերի պատասխանները, համենայն դեպս, ուզում ենք բարձրացնել խնդիրներ, որոնք հետաքրքիր կլինեն մասնակիցներին, և մենք կստանանք արժեքավոր կարծիքներ, դիտարկումներ»։

Առաջին զեկուցողը կենտրոնի փորձագետ, տ․գ․թ․ Նարեկ Կարապետյանն էր՝ «Տնտեսական աճի ներառականություն․ ի՞նչ անել» թեմայով։ Զեկուցողն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ում բարձր և ներառական աճի ապահովման հնարավորություններին։

Կենտրոնի փորձագետ, տ․գ․թ, դոցենտ Արմեն Քթոյանը «Տարածքային անհամաչափ զարգացման խորացող խնդիրները․ վտանգավոր անհամամասնություն» թեմայի շրջանակում խոսեց ներառականության այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն տարածքային զարգացման համապատկերում։

Կենտրոնի ավագ հետազոտող, տ․գ․թ․ Անի Խաչատրյանը զեկուցեց «Աղքատություն, զբաղվածություն, կրթություն, եկամուտների բևեռացվածություն» թեմայով, ներկայացրեց աղքատության նյութական և ոչ նյութական հարթությունները՝ աղքատության մակարդակի փոփոխման միտումները, ցուցանիշները և այլն։

Ելույթներից հետո ծավալվեց հարց ու պատասխան, մտքերի փոխանակություն։

Կլոր սեղան-քննարկումն իր ելույթով եզրափակեց ռեկտոր Դիանա Գալոյանը՝ շնորհակալություն հայտնելով մասնակիցներին շահագրգիռ քննարկման և արժեքավոր դիտարկումների համար։

Հոբելյանական օրվա մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում