Ընդունելության հայտագրման 1-ին փուլի ավարտին ՀՊՏՀ-ն ունի 1918 դիմորդ

10.05.2024
Դիտումների քանակ՝ 2451

ՀՊՏՀ առկա բակալավրիատի 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննությունների, ինչպես նաև մասնագիտության առաջին փուլի հայտագրումը այսօր՝ մայիսի 10-ին, ավարտվել է։ Գործընթացի արդյունքներով՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ունի 1918 դիմորդ, ինչը 15%-ով գերազանցում է 2023-2024 ուսումնական տարվա մասնագիտության առաջին փուլի հայտագրման ցուցանիշը (ՀՀ դիմորդների թվի 7% աճի պարագայում)։ Իսկ համալսարանի Գյումրու մասնաճյուղն ունի 157 դիմորդ։ Արդյունքում բոլոր դիմորդների 15%-ը հայտագրել է ՀՊՏՀ մասնագիտություններից որևէ մեկը։

Տնտեսագիտության և գործարար վարչարարության ոլորտի մասնագիտությունները սպասարկող ՀՀ ամենամեծ բուհը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, այս տարվա հայտագրման արդյունքներով կրկին արձանագրել է բարձր ցուցանիշներ, ինչպես իր հիմնական մասնագիտական պրոֆիլում, այնպես էլ մյուս մասնագիտություններով: Այս տարի տնտեսագիտության և գործարար վարչարարության ոլորտի մասնագիտություններով ՀՀ բուհերին հատկացվել էր 2243 կրթական տեղեր, որից 1085-ը (48%-ը) հատկացվել էր ՀՊՏՀ-ին (ներառյալ՝ Գյումրու մասնաճյուղը)։ Այս մասնագիտությունները նախընտրած և հայտագրած 2714 դիմորդների 64%-ը (1724-ը) նախընտրել են հենց ՀՊՏՀ-ն։ Ընդ որում, ՀՊՏՀ «Կառավարում» մասնագիտությունը նախընտրել են այս մասնագիտությունը հայտագրած դիմորդների 54%-ը, «Ֆինանսներ» մասնագիտությունը՝ 59%-ը, «Հաշվապահական հաշվառում և հարկում» մասնագիտությունը՝ 95%-ը, «Տնտեսագիտություն» մասնագիտությունը՝ 46%-ը և «Շուկայագիտություն (մարքեթինգ)» մասնագիտությունը՝ 100%-ը։

Էապես բարելավվել են նաև Մաթեմատիկա և վիճակագրություն և ՏՀՏ ոլորտների մասնագիտություններով ՀՊՏՀ-ին տրվող դիմորդների նախապատվությունները։ Մասնավորապես, ՀՊՏՀ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մասնագիտությունը նախընտրել են այս մասնագիտությունը հայտագրած դիմորդների 40%-ը, «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» մասնագիտությունը՝ 35%-ը, «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտությունը՝ 30%-ը։

Նույն պատկերն է նաև միջոլորտային մասնագիտությունների գծով. ՀՊՏՀ «Սերվիս» մասնագիտությունը նախընտրած դիմորդների թիվը գրեթե կրկնապատկվել է և այս մասնագիտությունը նախընտրել են բոլոր դիմորդների 16%-ը, իսկ «Զբոսաշրջություն» մասնագիտությունը՝ 28%-ը։ «Բնապահպանություն և բնօգտագործում» մասնագիտությունը նախընտրած դիմորդների 100%-ը նախապատվությունը կրկին տվել է ՀՊՏՀ-ին։ Այսինքն՝ ՀՊՏՀ ընդունելությունն, ինչպես միշտ, ընթանալու է բարձր մրցակցության պայմաններում։

Բարի ե΄րթ ձեզ, սիրելի΄ դիմորդներ, ուրախությամբ սպասում ենք ձեզ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում։

2024-2025 ուսումնական տարում դիմորդների նախընտրած TOP 10 մասնագիտություններն են՝

  1. Մ. Հերացու անվան բժշկական համալսարան` «Բուժական գործ»-691,
  2. ՀՊՏՀ՝ «Տնտեսագիտություն»-329,
  3. ՀՊՏՀ՝ «Կառավարում»-326,
  4. ՀՊՏՀ՝ «Ֆինանսներ»-326,
  5. ՃՇԱՀ` «Ճարտարապետություն»-326,
  6. ՀՊՏՀ՝ «Հաշվապահական հաշվառում և հարկում»-325,
  7. Մ. Հերացու անվան բժշկական համալսարան` «Ստոմատոլոգիա»-319,
  8. ԵՊՀ՝ «Իրավագիտություն»-291,
  9. ՀՊՏՀ՝ «Շուկայագիտություն (մարքեթինգ)»-272,
  10. ԵՊՀ՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա»-250:

Հիշեցնենք՝

  • ՀՊՏՀ-ն Հայաստանի 3 ամենամեծ համալսարաններից մեկն է, որը բացի իր մասնագիտական պրոֆիլում բացարձակ առաջատարը լինելուց, վերջին 5 տարիներին ընդունելության ցուցանիշով մշտապես 2-րդն է։
  • ՀՊՏՀ մասնագիտությունները համընկնում են ՀՀ աշխատաշուկայի ամենապահանջված մասնագիտությունների տասնյակի հետ։
  • ՀՊՏՀ կրթական ծրագրերը մշակվում և իրականացվում են ՀՀ առաջատար և խոշոր գործատուների անմիջական մասնակցությամբ։