Փաստաթղթերի հաստատում, մրցույթներ, հաշվետվություններ՝ գիտական խորհրդի հերթական նիստում
Այսօր ՀՊՏՀ գիտական խորհրդի հերթական նիստն էր։ Այն վարում էր ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Դիանա Գալոյանը։ Ընդարձակ օրակարգում համալսարանի կենսագործունեության համար առանցքային փաստաթղթերի քննարկում էր, հաստատում, մրցույթների անցկացում և հաշվետվություններ։
Օրակարգային առաջին հարցի շրջանակում հաստատվեց գիտական խորհրդին կից ուսումնամեթոդական հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու հարցը, ըստ որի՝ ուսումնական բաժնի նախկին պետ Գայանե Մերդինյանի փոխարեն հանձնաժողովի կազմում ընդգրկվեց բաժնի նոր ղեկավար Արսեն Պետրոսյանը։
Ռեկտոր Դիանա Գալոյանը ներկայացրեց ՀՊՏՀ 2023-2027 թթ. զարգացման ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ նշելով, որ այն ներառում է դեռևս նախորդ նիստում հաստատված հավակնոտ նպատակադրումները։ Բուհի ղեկավարն այնուհետև ներկայացրեց ՀՊՏՀ էթիկայի (բարեվարքության) կանոնակարգը, էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը՝ նշելով, որ սույն փաստաթղթերի ստեղծման և ներդրման անհրաժեշտությունը բխում է ՈԱԱԿ պահանջից, ինչպես նաև՝ բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքի նոր նախագծից։ Փաստաթղթերը հաստատվեցին, և նշվեց, որ հաջորդիվ կներկայացվի նաև հանձնաժողովի կազմը։
Օրակարգային հերթական հարցով գիտական խորհուրդն անցկացրեց մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչի, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու մրցույթները, որոնց մասին զեկուցեցին ռեկտոր Դիանա Գալոյանը և մրցութային հանձնաժողովի նախագահ, փ․գ․դ․, պրոֆեսոր, ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանը։ Կարգի համաձայն՝ ամբիոնի վարիչի և ֆակուլտետի դեկանի պաշտոնների հավակնորդները հանդես եկան ռազմավարական զարգացման ծրագրերով։ Հարց ու պատասխաններից և ելույթներից հետո գիտական խորհրդի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրեցին տ․գ․թ, դոցենտ Սոս Խաչիկյանին, դեկանի պաշտոնում՝ տ․գ․թ․, դոցենտ Աղավնի Հակոբյանին, դոցենտի գիտական կոչումներ շնորհեցին տնտեսագիտության տեսության ամբիոնի ավագ դասախոս, տ․գ․թ․ Տաթևիկ Մկրտչյանին, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Անուշ Թումանյանին։ Ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ մրցույթների 4 մասնակիցներն էլ բարեխիղճ աշխատակիցներ են, լավ գիտնականներ, ապա հույս հայտնեց, որ նրանց հետագա աշխատանքը ևս կնպաստի բուհի գործունեության արդյունավետության բարձրացմանը։
Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը զեկուցեց 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների մասին՝ ընդգծելով, որ նախկինում արձանագրված խնդիրները հիմնականում լուծվել են, սակայն գործընթացը շարունակում է բարելավման կարիք ունենալ։ Ըստ պրոռեկտորի ներկայացրած տվյալների՝ 4 կրթաձևերում քննաշրջանին մասնակցել են 6045 ուսանողներ, որոնք միասին հանձնել են 44560 քննություն, առաջադիմությունը կազմել է 70,3 տոկոս։ Ներկայացված հաշվետվությունը հաստատվեց։
Այնուհետև Արմեն Գրիգորյանը զեկուցեց ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ձևավորման մասին հարցը՝ տեղեկացնելով, որ ՀՊՏՀ 4 կրթաձևերում, ինչպես նաև Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերում այս տարվա գործընթացը կազմակերպելու համար ձևավորվել են 39 ատեստացիոն հանձնաժողովներ։ Ռեկտոր Դիանա Գալոյանը, անդրադառնալով ամփոփիչ ատեստավորման գործընթացին, ընդգծեց դրա կարևորությունը և ամբիոնների վարիչներին հորդորեց գրախոսությունները և պաշտպանությունները կազմակերպել պատշաճ ժամկետներում։
Արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը իր զեկույցում ներկայացրեց ՀՊՏՀ միջազգայնացման քաղաքականությունը և ռազմավարությունը, որը հաստատվեց։
Գիտական խորհուրդը հաստատեց նաև ՀՊՏՀ առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 2023-2024 ուստարվա ընդունելության կանոնակարգը, որով առկա մագիստրատուրայի անվճար համակարգ ընդունվելու հնարավորություն է սահմանվել նաև այլ բուհերի շրջանավարտների համար։ Այնուհետև հաստատվեցին մագիստրոսական կրթական ծրագրերով ակադեմիական խմբերի ձևավորման և ակադեմիական կազմի ներգրավման սկզբունքները և համալսարանի հրատարակչական կարիքների համար լեզուների ամբիոնին արտաժամյա բեռնվածություն սահմանելու մասին, ինչպես նաև 1 ուսանողի ուսանողական իրավունքների վերականգման հարցերը։
Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից ներքին և արտաքին շահառուներին 2023 թ. առաջարկված հետազոտական ուղղությունների և նրանց կողմից ամրագրված հետազոտական թեմաների ցանկը, որը հաստատվեց։ Գիտական խորհուրդը նաև հաստատեց ատենախոսության թեմա և գիտական ղեկավար, վերահաստատեց ատենախոսությունների թեմաներ, հրատարակության երաշխավորեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2022 թ․ հայտարարած մրցութային թեմաներով մենագրությունները։