ԱԶԲ ղեկավարները՝ ՀՊՏՀ-ում․ ցուցահանդես, նոր ծրագրեր

25.11.2022
Դիտումների քանակ՝ 1474

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովը և Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Պաոլո Սպանտիգատին այսօր հյուրընկալվեցին ՀՊՏՀ-ում։ Նրանց ընդունեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը։

Ռեկտորը ողջունեց հյուրերին, ներկայացրեց բուհի կրթական և միջազգային ծրագրերը՝ անդրադառնալով THE TIMES Impact Ranking-ում և QS EECA University Rankings-ում Տնտեսագիտական համալսարանի վարկանշավորմանը, գիտահետազոտական գործունեությանը՝ ընդգծելով «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հաջողությունները։ Դիանա Գալոյանը բարձր գնահատեց ԱԶԲ-ի հետ համագործակցելու հնարավորությունը։

Եվգենի Ժուկովը և Պաոլո Սպանտիգատին ՀՊՏՀ ռեկտորին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, ներկայացրեցին բանկի՝ համավարակից հետո ծավալած գործունեությունը և հույս հայտնեցին, որ ապագայում հանդես կգան ՀՊՏՀ ուսանողների փորձառության, կարիերայի աճին նպաստող առաջարկներով։

Այնուհետև հյուրերը, բուհի ղեկավարության ուղեկցությամբ, այցելեցին համալսարանի բակում կազմակերպված լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին բանկի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված ծրագրերը։

Եվգենի Ժուկովը և Պաոլո Սպանտիգատին շնորհակալություն հայտնեցին հյուրընկալության, ցուցադրության կազմակերպման համար և բակալավրիատի ուսանողներին պատմեցին բանկի կատարած աշխատանքների, առաջիկա ծրագրերի մասին։