ՀՊՏՀ 7 շրջանավարտներն աշխատանքի են անցել ՀՀ ֆինանսների նախարարությունում

13.05.2022
Դիտումների քանակ՝ 1652

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ բակալավրիատի շրջանավարտներ Գուրգեն Պողոսյանը, Կոմիտաս Սարգսյանը, Կարինե Մինասյանը, Անահիտ Մշեցյանը, Սպարտակ Բալայանը, Արթուր Պետոյանը և Վալենտինա Սիմոնյանը, հարցազրույցների փուլերը հաղթահարելու արդյունքում, աշխատանքի են նշանակվել ՀՀ ֆինանսների նախարարության ստորաբաժանումներում։ Եվ սա վկայությունն է այն բանի, որ մեր շրջանավարտները համալսարանում ձեռք բերած խոր ու համակողմանի գիտելիքի և հմտության շնորհիվ կարողանում են ցուցաբերել մասնագիտական և մարդկային բարձր որակներ: ՀՀ ֆինանսների նախարարությունից ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանին հասցեագրված նամակում, որը հայտնում է ՀՊՏՀ շրջանավարտների հաջողության մասին, մասնավորապես ասվում է. «Շնորհակալություն ենք հայտնում տնտեսագիտական համալսարանի ուսանողներին դասախոսական կազմի կողմից մատուցած գիտելիքների բարձր մակարդակի համար»։

Տեղեկացնենք, որ գործընթացը սկսվել էր դեռևս սույն թվականի հունվար-փետրվար ամիսներին, երբ Ֆինանսների նախարարությունում ակտիվ համալրումների շրջան էր: Նախարարության աշխատակազմից դիմել էին մեր համալսարանի կարիերայի կենտրոն՝ ներկայացնելու բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողների, որոնք ցանկություն ունեն աշխատանքի անցնելու իրենց գերատեսչությունում:

asue.am-ի հետ զրույցում ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանն այս առիթով ասաց. «Փետրվարի 14-ը վերջնաժամկետն էր, ուսանողները պետք է ունենային բարձր ՄՈԳ, ներկայացնեին CV-ներ: Կատարված նախնական ընտրության արդյունքներով 79 դիմորդից ընտրվեց 31-ը և հնարավորություն ստացավ հարցազրույցի մասնակցելու նախարարությունում: Այսօր արդեն հայտնի են այն 7 հաջողակների անունները, որոնք հաղթահարել են մրցութային փուլերն ու իրենց մասնագիտական կարիերան կսկսեն Ֆինանսների նախարարության աշխատակազմում»:

Զրուցեցինք նաև մրցույթը հաղթահարած շրջանավարտներից երկուսի՝ Սպարտակ Բալայանի և Կարինե Մինասյանի հետ, երկուսն էլ նշանակում են ստացել ՀՀ ՖՆ եկա­մուտ­ների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչությունում, որտեղ եռամսյա փորձաշրջանից հետո կանցնեն հիմնական աշխատանքի:

Սպարտակը ՀՊՏՀ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի «Տնտեսագիտություն» մասնագիտության այս տարվա Կարմիր դիպլոմի հավակնորդ շրջանավարտ է: Այսօր նա պաշտպանել է իր ավարտական աշխատանքը և ստացել 19: Կարինեն ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի «Կառավարում» մասնագիտության նախորդ տարվա շրջանավարտ է:

Նրանք երկուսն էլ մեզ հետ զրույցում ասացին, որ երջանիկ են նախարարության և հարազատ բուհի կողմից իրենց ընձեռված այս բացառիկ հնարավորության համար, բոլոր ջանքերը կներդնեն արդարացնելու գործատուի և հարազատ համալսարանի հույսերը, բարձր պահելու ՀՊՏՀ պատիվը:

Շնորհավորում և կանաչ ճանապարհ ենք մաղթում ՀՊՏՀ խելացի ու նպատակասլաց շրջանավարտներին: