Text΄nPayMe. ֆինանսական փոխանցումներ՝ ձեր նամակագրական հավելվածներից

16.05.2022
Դիտումների քանակ՝ 1641

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՀՀ ԲՏԱ նախարարության «Գաղափարից մինչև բիզնես» նորարարական բաղադրիչով շահառու հանդիսացող սկսնակ ընկերությունների դրամաշնորհային ծրագրի շրջանակներում սկսնակ բիզնեսի ներկայացուցիչներին զինում է անհրաժեշտ գիտելիքներով և գործնական հմտություններով, տրամադրում գործնական կապերն ընդլայնելու նպաստավոր պայմաններ՝ բիզնեսը զարգացնելու համար։ Աքսելերացիոն ծրագրի շահառուներն են տարբեր բնույթի 6 ստարտափներ։ Ծրագրի շրջանակում փետրվարի 22-ից ՀՊՏՀ Change Lab-ում մեկնարկել և շարունակվում է թեմատիկ դասընթացների, ինչպես նաև մենթորների հետ համագործակցության փուլը, որի ընթացքում մասնակիցներն արդեն ծանոթացել են ստարտափներում մտավոր սեփականության պաշտպանության խնդիրներին, ֆինանսավորման փուլերին և ներդրումային գործիքներին, ֆոնդահայթայթմանը, թվային մարքեթինգին և բրենդինգին։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինը ծրագրի մասնակից 6 ստարտափներին ներկայացնող հրապարակումների շարք է պատրաստում։ Մենք արդեն անդրադարձել ենք  Zleenk ստարտափին,  Gabby-ին, «Ռոբոդելին», «Մանոթին» (manot), իսկ այս հրապարակումը Text΄nPayMe-ի մասին է։

Text΄nPayMe-ն բանկային ստեղնաշար է, որը հնարավորություն է տալիս գումար փոխանցելու ցանկացած նամակագրական հավելվածի միջոցով, որն ունի մուտքագրման դաշտ։ Ստարտափի ստեղծման և գործունեության մասին զրուցել ենք համահիմնադիրներ Արթուր Կարապետյանի և Միհրան Բաբայանի հետ։

- Ովքե՞ր են ստարտափը նախաձեռնողները։

Ա.Կ. – Շնորհակալ ենք՝ մեզ հյուրընկալելու համար: Ստարտափի նախաձեռնողներն ու համահիմնադիրները երկուսս ենք՝ Միհրան Բաբայանը և ես՝ Արթուր Կարապետյանս: Միհրանը առաջին մասնագիտությամբ ֆիզիկոս է, այնուհետև ուսումը շարունակել է «Ֆինանսներ» մասնագիտությամբ: ՏՏ ոլորտում բազում ստարտափների մենթոր է եղել: Մեր ստարտափում նա բիզնեսի զարգացման և ընդլայնման գծով պատասխանատուն է։

Ես ՀՊՏՀ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի «Բնօգտագործման տնտեսագիտություն» մասնագիտության շրջանավարտ եմ՝ ՇՄԱԳ փորձագետ: Մեր ստարտափում տեխնիկական մասի պատասխանատուն եմ։ Առաջին հայացքից ՇՄԱԳ-ը և ՏՏ-ն միմյանցից հեռու ոլորտներ են թվում: Սակայն «ժողում» ստացած գիտելիքներս համակարգային մտածելակերպ են ձևավորել, ինչն էլ ինձ օգնել է ՏՏ ստարտափ հիմնելիս։

ՀՊՏՀ-ն, հիրավի, իմ հարազատ համալսարանն է, այստեղ պատիվ եմ ունեցել պապիկիս՝ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի դասախոս Ռազմիկ Պետրոսյանի ուսանողը լինելու:

- Ինչպե՞ս ստեղծվեց ստարտափը։

Մ.Բ. - Միասին հաքաթոնի էինք մասնակցում, որի շրջանակներում մեզ տրված առաջադրանքներից էր՝ ստեղծել նմանօրինակ նախագիծ։ 24 ժամ հետո գիտակցեցինք, որ սա ոչ միայն այս միջոցառման շրջանակների առաջադրանք է, այլ հեռանկարային բիզնես գաղափար։

Կարճ ժամանակ անց նաև ակնհայտ դարձավ, որ գաղափարը բավական կենսունակ է, որպեսզի ստարտափի հիմք հանդիսանա: Կարծում եմ՝ արդեն հասկացաք՝ ինչ եղավ. ստարտափը հիմնեցինք, որից հետո անմիջապես սկսեցինք զարգացնել ու ստեղծել ծրագրի առաջին նախատիպը։

- Անվան ընտրությունը կբացատրե՞ք:

Ա.Կ. – Սիրում եմ այս հարցը: Դուք ճիշտ նկատեցիք անվան առանձնահատկությունը. անունը փորձել ենք այնպես ընտրել, որ լինի ըմբռնելի ու բնութագրական։ Այսինքն, մեր ստարտափը ստեղծվել է, որպեսզի մարդիկ կարողանան տեքստ գրել և վճարել, ինչն էլ արտահայտված է ստարտափի անվան մեջ:

- Ի՞նչ է առաջարկում, ո՞ւմ համար է, ովքե՞ր կարող են օգտվել ստարտափից։

Մ.Բ. - Հավելվածը, որը, ի դեպ, անվճար է, կարող են ներբեռնել բոլոր ցանկացողները: Այն մարդկանց հնարավորություն է տալիս գումար փոխանցելու ցանկացած նամակագրական հավելվածում՝ մեսենջեր, վայբեր, վոթսափ կամ այլ հավելվածներում, որտեղ հնարավորություն կա որևէ տեքստ գրելու։

Գումար ուղարկելուն նախորդում է համապատասխան քննարկում այս կամ այն նամակագրական հավելվածում: Եվ ամեն անգամ, երբ հարկավոր է լինում ֆինանսական գործարք կատարել, մարդիկ ստիպված անցնում են իրենց բանկային և նամակագրական հավելվածներով, 5-7 քայլից հետո միայն կատարում փոխանցումը։ Մեր լուծումն է՝ արագացնել փոխանցում կատարելու գործընթացը, այսինքն՝ եթե ցանկանում եք կատարել ֆինանսական գործարք, այլևս կարիք չունեք անցնելու ձեր բանկային և նամակագրական հավելվածներով, կարող եք տվյալ նամակագրական հավելվածում մուտքագրել տեքստը և կատարել փոխանցումը։

Նշեմ նաև, որ մեր ստեղնաշարի համար չկա որևէ տարբերություն՝ ինչ ծրագրով է մարդն ուղարկում իր գումարը. ցանկացած նամակագրական ծրագրում, որտեղ տեքստ գրելու հնարավորություն կա, կարող են օգտագործել մեր ստեղնաշարը և գումարն ուղարկել։

Ա.Կ. - Ստարտափը ստեղծվել է 2021 թվականին, մինչև 2022 թվականը զբաղված ենք եղել մեր գաղափարը կյանքի կոչելով, ծրագրային և տեխնիկական լուծումները, ինչպես նաև նախատիպը ստեղծելով, ներդրում ներգրավելով։ Հիմա արդեն այն փուլում ենք, որ մեր լուծումը պետք է շուկա դուրս գա, և նախատեսում ենք մինչև հունիսի կեսերը մեր պրոդուկտը ներկայացնել Հայաստանի, Մեքսիկայի և Եվրոպայի շուկաներում։

Ավելացնեմ, որ մեր հավելվածը հասանելի է նաև Գուգըլ էքսթենշընի տեսքով, ինչը նշանակում է, որ ցանկացողները ծրագիրը կարող են ներբեռնել Գուգըլ խրոմից և բոլոր գործողությունները կատարել նաև համակարգչի միջոցով։

- Ո՞րն է տարբերությունը ֆինանսական փոխանցումների մյուս համակարգերի համեմատ։

Մ.Բ. - Տարբերությունը մյուս էլեկտրոնային դրամապանակներից այն է, որ մեր լուծումը պարզ և արագ է, մարդը ստիպված չի լինում նամակագրական հավելվածից դուրս գալ, բանկային հավելվածները բացել, ստացող կողմից տվյալներ հարցնել, որից հետո գործարքը կատարել։ Օգտատերը միանգամից գրում է տեքստային հրամանը և կատարում փոխանցումը։ Մյուս առավելությունը ֆինանսական հաստատությունների համար է. այս պահին մի քանի սոցիալական և նամակագրական հավելվածներ գործարկել են իրենց սեփական վճարային համակարգերը, ինչը ֆինանսական կազմակերպություններին դուրս է մղում սոցիալական հարթակներից՝ թույլ չտալով փոխանցումներ իրականացնել։ Մեր միջոցով ֆինանսական կազմակերպությունները ոչ միայն դուրս չեն մղվի սոցիալական հարթակներում փոխանցումների շուկայից, այլև հենց իրենք կսկսեն շուկայից դուրս մղել սոցիալական հարթակներին։

Մեր ստարտափը դեռևս շատ տարածված չէ օգտատերերի շրջանում, սակայն հայտնի է ֆինանսական կազմակերպություններին՝ բանկեր, էլեկտրոնային դրամապանակներ և այլն։

- Ինչպե՞ս եք պատկերացնում ձեր ընկերության ապագան։

Ա.Կ. - Լավագույն տարբերակը անշուշտ IPO-ն է։ Շատ ստարտափների նպատակը զարգանալն է ու մեկ-երկու տարուց վաճառվելը ավելի խոշոր կազմակերպություններին: Մեր նպատակն այլ է. մենք ցանկանում ենք զարգանալ, ցանկանում ենք, որ մեր լուծումը մարդու կյանքում դառնա իրական ֆինանսական օգնական: Այն կօգնի մարդկանց ոչ թե պարզապես գումար խնայել այս լարված և մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, այլև սպառել իրենց ֆինանսական միջոցներն այնպես, որ առավելագույնս արդյունավետ լինի, և հաճույք ստանան ամեն գործարքից։ Օրինակ, եթե ձեզ դուր է գալիս ամեն երեկո սպիտակ գինի խմել, ապա ցերեկը մի շռայլեք շոկոլադե սալիկների վրա, որպեսզի կարողանաք երեկոյան վայելել ձեր նախընտրած սպիտակ գինին։

Պրոդուկտի գծով մեր գերագույն նպատակը հենց այդ է, և համոզված ենք՝ այդ լուծմանը մենք կկարողանանք հասնել։ Ձգտելու ենք, որ մեր առաջարկած լուծումը դառնա մարդու ֆինանսական օգնականը, ընկերը։

- ՀՊՏՀ-ում իրականացված աքսելերացիոն դասընթացներն ինչպե՞ս եք գնահատում։

Մ.Բ - Ոչ բոլոր դասերին ենք կարողացել մասնակցել գործուղման և գերբեռնվածության պատճառով, բայց, ընդհանուր առմամբ, բավական լավ էր կազմակերպված։ Ողջունելի է այս նախաձեռնությունը, ինֆորմացիա փոխանակելը կարևոր գործընթաց է։