ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնը հուշագիր է ստորագրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ

Դիտումների քանակ՝ 1446

Տնտեսագիտական մայր համալսարանը ընդլայնում է իր համագործակցությունը ՀՀ պետական կառույցների հետ: Երեկ ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնը և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հուշագիր են ստորագրել՝ նպատակ ունենալով աջակցել հանրային ծառայությունների կարգավորվող ոլորտներին առնչվող «Սերվիս» կրթական ծրագրի իրականացմանը, այդ ոլորտների կարգավորման հետ կապված գիտական հետազոտությունների և ուսումնասիրությունների թեմաների շրջանակների ընդլայնմանը, բարձր որակավորում ունեցող մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև նպաստել պետություն-բուհ համագործակցության հետագա խորացմանն ու զարգացմանը:

Փոխգործակցության փաստաթուղթը վավերացրել են ամբիոնի վարիչի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Միքայել Մելքումյանը և հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը:

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է սերվիս մասնագիտության ուսանողների համար ուսուցողական այցերի և գործնական պարապմունքների կազմակերպում, հանձնաժողովի կողմից կիրառվող գործիքների և (կամ) իրավական ակտերի վերաբերյալ ամբիոնի կողմից գիտական նոր մոտեցումների և մեխանիզմների ներկայացում, ինչպես նաև համագործակցության կողմերի միջև համաձայնեցված նոր հարթակների ձևավորում:

Հուշագրի ստորագրմանը ներկա են եղել ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի դեցենտ Ֆրիդա Բահարյանը և ասիստենտ Անդրանիկ Շեկյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին