ՀՊՏՀ ամփոփիչ ատեստավորման գործընթացը՝ ճեպազրույցներում և լուսանկարներում

26.05.2022
Դիտումների քանակ՝ 1323

ՀՊՏՀ-ում շարունակվում է 2021-2022 ուստարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը, որը մեկնարկել է ապրիլի 18-ին և կավարտվի հունիսի 28-ին: Մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժինն էլ հետևում է գործընթացին, շարունակում լուսաբանել:

Արմինե Սահակյանն այս տարի ավարտում է մագիստրատուրան՝ «Կորպորատիվ ֆինանսներ» մասնագիտությամբ։ Այսօր հաջողությամբ պաշտպանեց մագիստրոսական ատենախոսությունը։ Համոզված է՝ պատասխանն ավելի համոզիչ ու խոսքն ավելի հիմնավոր կլիներ, եթե չհուզվեր։ Այնուամենայնիվ, անգամ լարվածությունը չխանգարեց, որ քննող հանձնաժողովը աշխատանքը բարձր գնահատի:

«Հանձնաժողովը շատ բարեհաճ էր: Կարծում եմ՝ դա կարևոր է, քանի որ որոշակիորեն թոթափվեց լարվածությունս: Այժմ ավելի հանգիստ եմ ու գոհունակությամբ լի, շնորհակալ եմ համալսարանին՝ այս վեց լավագույն տարիների համար»,- ասում է Արմինեն:

Ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Էդգար Աղաբեկյանն արդեն երկու կուրսերի պաշտպանությունների է ներկա գտնվել ու գոհ է արդյունքներից. «Տպավորությունս դրական է, ուսանողները պատրաստված են և հրաշալի են ներկայացնում թեմաները, ուրախ եմ, որ ավելի շատ գործնական վերլուծություններ են կատարել։ Եվ դա պատահական չէ, քանի որ գրեթե բոլորն աշխատում են»։

Մեր նկարահանումների պահին բակալավրիատի «Տնտեսագիտություն» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողներն էին ներկայացնում իրենց աշխատանքները։ Հանձնաժողովի անդամ, տ.գ.թ., մակրոէկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Քնարիկ Վարդանյանն ասում է. «Մեր ուսանողները կարողանում են պատվով պաշտպանել ավարտական աշխատանքները, հանձնաժողովի անդամների հարցերին բավական գրագետ ու ճկուն պատասխանում։ Ուսանողների միջին գնահատականը տատանվում է 15-16-ի սահմանում, իհարկե, ունենք նաև ավելի բարձր՝ 20 գնահատականներ։ Ընդհանուր առմամբ, գործընթացը հավուր պատշաճի և խստապահանջ է կազմակերպված. ղեկավարներն ուշադիր ու մանրակրկտորեն են նայել աշխատանքները, փորձել են այնպես անել, որ բացառվեն արտագրությունները, անհատական մոտեցումը լինի առաջնային»։

Մեր շրջայցի պահին Ժենյա Ներսիսյանը ներկայացնում էր «ՀՀ աշխատանքի շուկայի վիճակի վերլուծությունը» թեմայով ավարտական աշխատանքը, որը ևս հանձնաժողովի անդամները բարձր գնահատեցին։ «Ուսումնառության 4 տարիները տվեցին գիտելիք, փորձ, հարազատ մարդիկ, ընկերներ, շատ լավ դասախոսներ, որոնք մեծ ներդում են ունեցել իմ կյանքում։ Շնորհակալ եմ համալսարանին այս ամենի համար»,- ասում է Ժենյան։

Հեռակա ուսուցման 5-րդ կուրսի ուսանող Արայիկ Վաթյանին հանդիպեցինք կառավարման ֆակուլտետի միջանցքում։ Իր պաշտպանությանը նախընթաց՝ եկել էր՝ ընկերների ավարտական աշխատանքների ընթացքին հետևելու. «Իրականում ավելի բարդ էի պատկերացնում, բայց իրականում այդպես չէ, հանգիստ կարող եմ շունչ քաշել»։

Հանգիստ «շունչ քաշել» կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Աշոտ Մուրադյանը դեռ չէր պատրաստվում. պաշտպանության իր հերթին էր սպասում՝ փոքր-ինչ լարված, փոքր-ինչ անհանգիստ։ «Դրական է, որ հանձնաժողովը հիմնական շեշտը դնում է պրակտիկ ուղղվածության վրա, ոչ թե տեսական նյութի: Իմ կարծիքով՝ դա ավելի ճիշտ է»,- համոզված է Աշոտը։

ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը ՀՊՏՀ «Կառավարում» մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահն է։ Բակալավրիատի ավարտական աշխատանքների պաշտպանություններից նրա տպավորությունը դրական է։ Ընդգծում է՝ ուսանողները բավականաչափ տիրապետում են թեմաներին և գիտելիքի պաշար ունեն։ «Առանձին դեպքերում տեսնում ենք, որ ավելի ընդհանրական բնույթի վերլուծական նյութեր են ներկայացնում, բայց դրական պատկերը դրանից չի փոխվում»,- ասում է Կառլեն Խաչատրյանը՝ ընդգծելով ավարտողների և նրանց ղեկավարների բարեխիղճ ու հետևողական աշխատանքը, որի արդյունքը նաև բացարձակ 20 միավորներն են։

Լուսանկարային շարքն ամբողջությամբ կարող եք տեսնել բուհի ֆեյսբուքյան էջում։