Հանդիսավորությամբ մեկնարկեց «ՀՊՏՀ խաղեր-2019» փառատոնը՝ նվիրված ՈւԽ 25- ամյակին

Դիտումների քանակ՝ 1588

ՀՊՏՀ ուսանողական կառույցն այս տարի տոնում է հիմնադրման 25-րդ տարին, ինչի առիթով հոբելյանական միջոցառումներ են տեղի ունենում: «ՀՊՏՀ խաղեր-2019» մարզամշակութային փառատոնը ևս նվիրվում է ՈւԽ տարեդարձին: Փառատոնի սկիզբն ազդարարվեց այսօր: Մեկնարկը շնորհավորելու էին եկել ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը, ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, դեկաններ, ֆիզդաստիարակության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, բուհերի և երիտասարդության հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը, ՈւԽ նախկին նախագահներ:
Ավանդական դարձած արարողակարգով՝ մարզադահլիճ մտան ՀՊՏՀ 6 ֆակուլտետների ուսանող-մարզիկները, հնչեց ՀՀ պետական օրհներգն ու բարձրացվեց եռագույնը: Այնուհետև ողջույնի խոսք ասացին Վահան Մովսիսյանը, Ռուբեն Հայրապետյանը:
Խորհրդի նախագահը ուրախություն հայտնեց այն առումով, որ ուսանողները կարողանում են ինքնակազմակերպվել, ձեռնարկել միջոցառումներ, որոնք կրթադաստիարակչական գործառույթ են իրականացնում, կերտում ՀՀ արժանավոր քաղաքացու:
Համալսարանի ղեկավարը շնորհավորեց ՈւԽ 25-ամյակը և ընդգծեց նրա դերը կրթօջախի առաջխաղացման գործում:
«Ես իմ հրապարակային ելույթներում մի քանի անգամ ասել եմ, որ որպես պետական տնտեսագիտական համալսարան, մենք ունենք 2 հիմնական շահառու՝ պետություն և ուսանող»,-ասաց ռեկտորն ու այդ համատեքստում կարևորեց ուսանողական ինքնակառավարման մարմինների գործունեությունը:
«Եվ չափազանց կարևոր է, որ ուսանողական խորհուրդը պատշաճ և ճշգրիտ կարողանա իր գործը կատարել, ուսանողության շահերը պաշտպանել»,-շեշտադրեց ռեկտորի պաշտոնակատարն ու հույս հայտնեց, որ ՈւԽ-ն առաջիկայում կկարողանա ավելի մեծաթիվ ուսանողներ ներգրավել ու ղեկավարության հետ կերտել բուհի զարգացման նոր ճանապարհը:
Ուսխորհրդականներին շնորհավորանքներ հղեցին, ակտիվության և միաբանության կոչեցին Գեղամ սարկավագ Ավետիսյանը, ՈւԽ նախկին նախագահ Արմեն Ալեքսանյանը: ՈւԽ ներկայիս նախագահ Հովհաննես Հարությունյանն էլ հավաստիացրեց, որ համատեղ ջանքերով փորձելու են հիշարժան դարձնել ՀՊՏՀ ուսանողական կառույցի հոբելյանը՝ մեկտեղելով ու մարզամշակութային տոն նվիրելով ուսանողներին, նախկին ու ներկա ուսխորհրդականներին:
Հաջորդիվ տեղի ունեցավ ֆուտբոլի ընկերական հանդիպում՝ ՀՊՏՀ ուսխորհրդականների և նախկին ՈւԽ նախագահների միջև:
Հիշենք, որ մարզամշակութային ամենամյա փառատոնի շրջանակում տեղի են ունենում մարզական, մշակութային ու ինտելեկտուալ առաջնություններ ու մրցույթներ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին