ՀՊՏՀ-ն զգալիորեն բարելավել է իր դիրքերը QS EECA University Rankings 2022 թ. վարկանիշում

16.12.2021
Դիտումների քանակ՝ 2680

Բուհերի վարկանշավորումն արտացոլում է ամեն առանձին հաստատությունում իրականացվող կրթական և գիտահետազոտական գործընթացների չափելիությունը, խթանում բուհերի միջև մրցակցությունը, տեսանելի դարձնում առավելությունները: Վարկանշավորման միջազգային համակարգերի այս համընդգրկուն գործընթացում մեծ հաջողությամբ իր առաջանցիկ դիրքն է նվաճել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը: Այս փաստի նոր արձանագրումն է այն, որ ՀՊՏՀ-ն ներառվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (EECA) բուհերի QS EECA University Rankings 2022 թ. վարկանիշում, որտեղ վարկանշավորվել են 450 լավագույն բուհեր։ Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ մեր համալսարանն այս տարի բարելավել է իր դիրքերը՝ նախորդ տարվա 251-300 հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով 241-250 հորիզոնականը։

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (EECA) վարկանիշում այս տարի Հայաստանից ներառվել են 5 բուհեր՝ ՀՊՏՀ-ն (241-250) , ԵՊՀ-ն (173), ՀՌՀ-ն (128), ՃՇՀԱՀ-ն (251-300) և ՀԱՀ-ը (301-350) ։ Բուհերի գործունեության արժևորման և ուսումնասիրման նպատակով վարկանիշում հաշվի են առնվում 10 ցուցանիշներ։ Որպես գլխավոր բաղադրիչ հանդես է գալիս բուհի ակադեմիական հեղինակությունը։ Ակադեմիական բաղադրիչից բացի, գնահատվում են նաև տվյալ համալսարանի շրջանավարտների մասնագիտական որակներն ու մրցունակության մակարդակը համաշխարհային աշխատաշուկայում, միջազգայնացումը, ուսանող-դասախոս հարաբերակցությունը, ինստիտուտների կատարած հետազոտական աշխատանքները և այլն:

Վարկանշավորման արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: