ՀՊՏՀ երջանկահիշատակ պրոֆեսոր Սուրիկ Սարգսյանի մեծարման ցերեկույթ՝ Սարուխանում

Դիտումների քանակ՝ 3348

Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի դպրոցում հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, ՀՊՏՀ պրոֆեսոր, մշակութաբան, հայագետ, ամիսներ առաջ երկրային կյանքին հրաժեշտ տված Սուրիկ Սարգսյանի մեծարման ցերեկույթ: Հիշատակի միջոցառումը կազմակերպել են Սուրիկ Սարգսյանի համագյուղացիները՝ Սարուխան գյուղի մշակույթի տան ղեկավարությունն ու դպրոցի տնօրինությունը, նախաձեռնությանն աջակցել են երջանկահիշատակ պրոֆեսորի ընտանիքը, բարեկամներն ու հարազատները:
Ցերեկույթին ՀՊՏՀ-ից մասնակցել են Սուրիկ Սարգսյանի երկարամյա գործընկեր ու մտերիմ ընկեր, ՀՊՏՀ փիլիսոփայության և  հայոց պատմության ամբիոնի պատվավոր վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սարգսյանը և համակուրսեցի, վաստակաշատ դասախոս, փիլ. գիտությունների թեկնածու, դոցենտ Սարգիս Հայրապետյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում Արամ Սարգսյանն ասաց, որ միջոցառման ընթացքում գյուղի մշակույթի պատվո պատին ամրացվել է Սուրիկ Սարգսյանի հուշատախտակը, ինչպես նաև դպրոցի դասարաններից մեկն անվանակոչվել է նրա անունով:
Սուրիկ Սարգսյանը մեծ ժառանգություն ու պատգամ է թողել սերունդներին: Մեծարման ցերեկույթում դպրոցի տարբեր դասարանների աշակերտները հուզականորեն ասմունքել են նրա բանաստեղծությունները, մեջբերել խոհափիլիսոփայական մտքերը, ինչը տպավորել է ներկաներին:
«Մեծ է Սուրիկ Սարգսյանի դերը ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնի հեղինակության կայացման գործում: Նա համահեղինակն է մեր բուհի մշակութաբանության առաջին առարկայական ծրագրի, հեղինակը՝ «Մշակույթի տեսություն և հայ մշակույթի պատմություն» ուսումնական ձեռնարկի և շատ այլ արժեքավոր գիտական աշխատությունների: Մասնավորապես, գիտական մեծ արժեք ունեն մարդու հիմնախնդրին վերաբերող նրա ուսումնասիրությունները: Որպես գիտնական-մտածող՝ նրա հետաքրքրության կենտրոնում էին հայ փիլիսոփայությունը, հայագիտությունը, մշակութաբանությունը: Սովորաբար, աշխատանքային օրվա ավարտից հետո էլ՝ տուն գնալիս քայլում ու ժամերով զրույցի էինք բռնվում կյանքի փիլիսոփայությանն առնչվող հարցերի շուրջ: Մի գեղեցիկ առիթով էլ մեր մագիստրանտներից մեկն ասաց, որ պարոն Սարգսյանն իրեն միշտ կոնֆետ էր տալիս՝ խրախուսելով լավ սովորելու տրամադրվածությունը: Նրան բարի են հիշում...»,-մեզ հետ զրույցում Սուրիկ Սարգսյանի գիտամանկավարժական գործունեության ու մարդկային հատկանիշների մասին իր հուշերից պատմեց Արամ Սարգսյանը:
ՀՊՏՀ պատվավոր պրոֆեսորը շնորհակալություն հայտնեց մեծարման ցերեկույթի կազմակերպիչներին՝ նշելով, որ Սարուխանում բարի ավանդույթ են դարձրել իրենց անվանի հայրենակիցների հիշատակի միջոցառումների կազմակերպումը:
«Իր մեծերին հարգող և մեծարող ժողովուրդը գնահատանքի և հարգանքի է արժանի»,-ասում է Արամ Սարգսյանը:

Հ.Գ. Լուսանկարները տրամադրել է Արամ Սարգսյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին