ՀՀ ապահովագրական շուկայի առանձնահատկությունների շուրջ բաց դաս ՀՊՏՀ-ում

Դիտումների քանակ՝ 2078

«Բակալավրական այն կուրսերում, որտեղ նախատեսված չէ պրակտիկա, հաճախ են ուսանողները նշում, որ ցանկալի է ավելի շատ գործնական մաս ներառել ուսումնական պարապմունքներում: Այս պահանջարկը լրացնելուն են միտված այն բաց դասերը, որոնք վարում են համապատասխան ոլորտում աշխատող մասնագետները՝ հանգամանալից ներկայացնելով մասնագիտական գործնական դաշտը»,-այսօր առկա բակալավրիատի ֆինանսներ մասնագիտության 2-րդ կուրսում կայացած բաց դասի անցկացման նպատակը մեզ հետ զրույցում հիմնավորեց կազմակերպիչ, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դոցենտ Լուսինե Ղազարյանը:

«Ռիսկերի տեսություն և ապահովագրություն» առարկայի այսօրվա դասին, որպես բանախոս, հրավիրված էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության անդերռայթինգի բաժնի ղեկավար, ՀՊՏՀ շրջանավարտ, այժմ՝ ասպիրանտ Լևոն Քոչարյանը: Նա լուսաբանեց ՀՀ ապահովագրական շուկայի առանձնահատկությունները, շուկան ներկայացրեց նաև իբրև ռիսկերի կառավարման մեխանիզմ, խոսեց միտումների, ապահովագրական նոր պրոդուկտների մասին:

Մեզ հետ զրույցում Լևոն Քոչարյանն ասաց, որ ՀՊՏՀ-ի հետ «Ինգո Արմենիայի» համագործակցությունը սերտ է, փոխադարձ այցերի ընթացքում ուսանողը ոչ միայն գործնական գիտելիք է ստանում, այլև ծանոթանում է ժամանակակից գործատուի պահանջներին: Փոխշահավետ գործակցության արդյունքում էլ գործատուն հնարավորություն է ունենում լավ կադրեր ընտրել:

Դասն ամփոփվեց հարցուպատասխանով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին