ՀՊՏՀ-ն հյուրընկալում է «Ֆուլբրայթ» ծրագրի հերթական կրթաթոշակակրին

Դիտումների քանակ՝ 2254

Սեսիլիա դը Բոկը ամերիկյան «Ֆուլբրայթ» կրթական փոխանակման ծրագրի կրթաթոշակակիր է և առաջիկա 9-ը ամիսներն անցկացնելու է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում՝ մասնակցելու օտար լեզվի համադասավանդման գործընթացին: Այսօր՝ ծրագրի մեկնարկի նախաշեմին, նրան և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային/կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանին իր աշխատասենյակում ընդունեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, միջազգային կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը, լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ Լուսինե Հարությունյանը:

Վարդ Ղուկասյանը ներկայացրեց հյուրերին, անդրադարձավ «Ֆուլբրայթ» կրթական ծրագրին ՀՊՏՀ առնչությանը՝ նշելով, որ 2015-2016 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ՀՊՏՀ-ն 5 ամսով հյուրընկալել է Ֆուլբրայթ հիմնադրամի կրթաթոշակակիր՝ ԱՄՆ-ի Մաքուեթի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դասախոս Փիտր Թումանոֆին:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ողջունեց հյուրերին՝ կարևորելով ամերիկյան հեղինակավոր կրթական ծրագրին ՀՊՏՀ մասնակցությունը: Բուհի ղեկավարը հավելեց, որ Տնտեսագիտական համալսարանը բարեփոխումների ներկա գործընթացում մեծապես կարևորում է օտար լեզվի դասավանդումն ու լեզվական հմտությունների փոխանցումը, ապա հույս հայտնեց, որ այս համագործակցությունն իր նպաստը կբերի տվյալ նպատակի իրագործմանը: Ռեկտորի պաշտոնակատարը հետաքրքրվեց ծրագրի մանրամասներով, նշեց, որ պատրաստ է աջակցել գործընթացի հնարավորինս լավ կազմակերպմանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մշակութային/կրթական ծրագրերի մասնագետ Հասմիկ Միքայելյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և համագործակցության համար, մանրամասներ ներկայացրեց ծրագրի վերաբերյալ՝ ընդգծելով, որ այն փոխանակման ծրագիր է, որի շահառուները բազմաթիվ են: Նա հետաքրքրվեց ՀՊՏՀ միջազգային գործունեությամբ, որի շուրջ մանրամասներ ներկայացրեցին Լուսինե Դանիելյանն ու Վարդ Ղուկասյանը: Հասմիկ Միքայելյանը ծրագրի իրականացումն ապահովելու համար շնորհակալություն հայտնեց բուհի ղեկավարությանը և հանդիպմանը ներկա գործընկերներին:

Ռեկտորի պաշտոնակատարի հետ հանդիպումից հետո լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հանդիպեց Սեսիլիա դը Բոկի և լեզուների ամբիոնի վարիչի ժ/պ Լուսինե Հարությունյանի հետ: Ամբիոնի ղեկավարը մանրամասնեց, որ այս շաբաթ Սեսիլիա դը Բոկը ներկա կլինի մի քանի դասերի, կծանոթանա ՀՊՏՀ դասավանդման փորձին և մեթոդներին, ինչպես նաև մեր ուսանողներին: Նրա խոսքով՝ բուն ծրագրի մեկնարկը կտրվի գալիք շաբաթ, երբ կրթաթոշակակիրը կընդգրկվի ամբիոնի կողմից օտար լեզուների դասավանդման գործընթացում, ինչը երկուստեք փորձի փոխանակման հնարավորություն կտա: «Հուսով եմ, որ Սեսիլիայի ներկայությունը մեծապես կօգնի մեր ուսանողների բանավոր և գրավոր խոսքի զարգացմանը, ինչպես նաև կօժանդակի լեզուների դասավանդման որակի բարելավմանը»,- ասաց Լուսինե Հարությունյանը: Ամբիոնի ղեկավարի խոսքով՝ Սեսիլիա դը Բոկը շաբաթը մեկ անգամ կհյուրընկալվի ՀՊՏՀ «Անգլախոսների ակումբում»՝ ներկայացնելու ամերիկյան մշակույթը, կրթությունը, ինչն իր հերթին կսերտացնի միջմշակութային հաղորդակցությունը:

«Ֆուլբրայթ» ծրագրի կրթաթոշակակիրը մեզ հետ զրույցում նշեց, որ գործընթացը կիրականացվի փոխըմբռնման մթնոլորտում և կօգնի դասավանդման որակի բարձրացմանը: «Ես հույս ունեմ, որ այստեղից կվերադառնամ լավ տպավորություններով և լավ արդյունքներով: Ծրագրի ավարտին իմ նպաստը կբերեմ ՀՊՏՀ-ի և ԱՄՆ-ի միջև կապերի հաստատման գործին»,- ասաց Սեսիլիան:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին