ՀՊՏՀ-ն՝ առողջապահության կառավարման ոլորտում. վկայականներ ստացան «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացի մասնակիցները

Դիտումների քանակ՝ 1653

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր վկայականներ հանձնեցին «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացի 29 մասնակիցներին: Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը, Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը, ՀՊՏՀ-ում դասընթացի կազմակերպիչ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, հյուրեր, դասընթացավարներ, դասընթացի մասնակիցներ, որոնք երևանյան և մարզային առողջապահական կենտրոնների (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Աստղիկ, Սլավմեդ, Գորիսի, Կապանի, Վանաձորի բժշկական կենտրոններ) աշխատակիցներ էին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ՀՊՏՀ-ի և Ազգային բժշկական պալատի նախաձեռնությամբ ՀՊՏՀ-ում մեկնարկել էր «Հոսպիտալ մենեջմենթ» կարճաժամկետ դասընթացը, որի շահառուներն են ՀՀ առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և նրանց ստորաբաժանումների ղեկավարները, ավագ բուժաշխատողները և բժշկական կազմակերպությունների ոչ բժիշկ ղեկավար անձնակազմը։ Դասընթացի ծրագի­­րը հաստատվել է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, մասնակիցներին շնորհվում է ՇՄԶ 54 տեսական և 9 գործնական կրեդիտ, ինչի մասին հավաստող վկայականները ստորագրված էին առողջապահության նախարարի, ազգային բժշկական պալատի և ՀՊՏՀ ղեկավարների կողմից:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը՝ նշելով, որ «Հոսպիտալ մենեջմենթը» ՀՊՏՀ կարճաժամկետ դասընթացների շարքում առողջապահության ոլորտին վերաբերող առաջին դասընթացն էր: «Հուսով եմ՝ առաջին փորձը դրական էր և այս ոլորտում մեր հետագա գործունեության լավ մեկնարկ կդառնա: Առողջապահության ոլորտում մեր նախաձեռնությունները շարունակական կլինեն և այս համատեքստում ցանկանում եմ ևս մեկ ուրախալի լուր հայտնել՝ մեր համալսարանն այսօր ԿԳՄՍ նախարարությունից ստացել է «Բուժհաստատությունների կառավարում» և «Առողջապահության կառավարում և վարչարարություն» մագիստրոսական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա»,- ասաց Դիանա Գալոյանը՝ հույս հայտնելով, որ դասընթացի մասնակիցների հետ բուհի հետագա համագործակցությունը կշարունակվի:

Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ-ին՝ իրենց նախաձեռնությանն աջակցելու համար՝ նշելով, որ արդյունքում այսօր «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացի մասնակիցների թիվը հասնում է 100-ի: Նարեկ Վանեսյանը շնորհավորեց մասնակիցներին, սրտացավ և պրոֆեսիոնալ գործընկերության համար շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ ղեկավար Դիանա Գալոյանին, պրոռեկտոր Արմեն Գրիգորյանին, Լուսինե Դանիելյանին և Աղավնի Հակոբյանին:

Նշենք, որ կարճաժամկետ դասընթացները ՀՊՏՀ-ում կազմակերպում է արտաքին կապերի դեպարտամենտի շարունակական կրթության և վերապատրաստումների բաժինը:

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին մեկնարկել է «Հոսպիտալ մենեջմենթ» 2-րդ դասընթացը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:  Սույն դասընթացն իրականացվում է նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին