ՀՊՏՀ-ում մեկնարկել է միջազգային գիտաժողով՝ տարածքային տնտեսության զարգացման հարցերի շուրջ

Դիտումների քանակ՝ 3206

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր մեկնարկեց ՀՊՏՀ և Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Ինստիտուցիոնալ կառույցներ, կառավարում և տարածաշրջանային զարգացում» (Institutions, Governance and Regional Development) խորագրով միջազգային գիտաժողովը: Միջոցառումը համախմբել էր ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին, երիտասարդ հետազոտողներին ու ուսանողներին, ինչպես նաև հյուրընկալել տեղացի և օտարերկրացի գիտնականների, որոնք հանդես եկան զեկուցումներով:

Միջոցառման հանդիսավոր մեկնարկն ազդարարեցին Տարածաշրջանային գիտության կովկասյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Անահիտ Հարությունյանը, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, պրոֆեսոր Դիանա Գալոյանը: Ողջույնի խոսքում Անահիտ Հարությունյանն ընդգծեց միջոցառման հիմնական նպատակը՝ գիտական հարթակ տրամադրել այն գիտնականներին և երիտասարդ հետազոտողներին, ովքեր հետաքրքրված են տարածքային տնտեսությամբ և պլանավորմամբ, տարածաշրջանային և համայնքային զարգացմամբ և դրանց առնչվող հարցերով՝ այդպիսով համախմբելով գիտական ներուժը և նպաստելով դրա իրացմանը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ բարեփոխումների ուղին ընտրած Տնտեսագիտական համալսարանը զգալի ձեռքբերումներ է արձանագրել գիտության ոլորտում, մասնավորապես ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը տեղ է գտել աշխարհի համալսարանական ուղեղային կենտրոնների թոփ 100-յակում: Անդրադառնալով գիտաժողովի թեմային՝ ռեկտորի պաշտոնակատարը կարևորեց որակյալ կրթության դերը երկրների հավասարաչափ տարածքային զարգացման գործում և հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում այս թեման կարժանանա լայն քննարկման:

ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մոսվսիսյանն իր հերթին ողջունեց գիտական նախաձեռնությունն ու ընդգծեց, որ համալսարանի համար մեծ իրադարձություն է օտարերկրացի փորձագետներին հյուրընկալելն ու նրանց միջոցով Եվրոպայի առաջավոր փորձին ծանոթանալը: ««Ինստիտուցիոնալ կառույցներ, կառավարում և տարածաշրջանային զարգացում» թեման ակտուալ է, Հայաստանի համար՝ առավել ևս, որովհետև մեզ մոտ կա դինամիկ զարգացող Երևան և մարզեր, որտեղ էական տնտեսական առաջընթաց դեռ չենք արձանագրել»,-նշեց Վահան Մովսիսյանն՝ արժևորելով գիտաժողովի թեման և համալսարանականներին հորդորեց ուշիուշով ունկնդրել զեկուցումները, ակտիվորեն մասնակցել քննարկումներին և համատեղ ջանքերով համայնքային զարգացման ուղիներ որոնել:

Հանդիսավոր բացմանը հաջորդեցին զեկուցումները. առաջին խոսնակները հրավիրված փորձագետներ էին, որոնք, եվրոպական առաջավոր փորձի հիման վրա, լսարանին տեսական ու կիրառական գիտելիք հաղորդեցին՝ հանգամանալից բացատրելով համայնքային զարգացման առանձնահատկություններն ու առաջխաղացման ուղիները:

Վրիայի համալսարանի (Նիդեռլանդներ) գիտնական Պետեր Նայկամպը փորձագիտական լույսի ներքո դիտարկեց տարածքային զարգացման տեսամեթոդաբանական հիմունքները, հաջորդ զեկուցողն էր Ազորիայի կղզիների համալսարանի ներկայացուցիչ Տոմազ Դենտինհոն, թեման՝ «Տարածքային կայուն զարգացման մեթոդաբանական գործիքները»: Մյուս ելույթը Ռուբեն Հայրապետյանինն էր (ՀՊՏՀ), որի զեկուցումը «Տեղական կառավարման արդյունավետություն. մեծ կամ փոքր համայնքներ» թեմայով էր: Գիտական զեկուցումների շարքը շարունակեց Նարեկ Կեսոյանը (ՀՊՏՀ)՝ «Հայաստանի մարզերի զարգացման մոդելները» թեմայով:

Տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ «Տարածքային զարգացման նոր հեռանկարները» թեմայով, որի մասնակիցներն էին Տոմազ Դենտինհոն, Պետեր Նայկամպը, Կարիմա Կոուրիթը, ՀՊՏՀ-ից՝ Զոյա Թադևոսյանը, Վահե Բուլանիկյանը, Նարեկ Կեսոյանը, Ալբերտ Հայրապետյանը:

Այնուհետև զեկուցումներով հանդես եկան Վահե Բուլանիկյանը (ՀՊՏՀ), Ալբերտ Հայրապետյանը (ՀՊՏՀ), Մարիա Սահակյանը (Հայ-ռուսական համալսարան), Հռիդայ Սարման («Հարավային Կովկաս-Հարավային Ասիա բիզնես զարգացման կենտրոն»): Զեկուցման թեմաները՝ տե'ս օրակարգում:

Գիտաժողովը կընթանա մինչև աշխատանքային օրվա ավարտը: Վաղը ևս կհնչեն կարևոր զեկուցումներ: Օրակարգին ծանոթացեք այստեղ:

Գիտաժողովը ՀՊՏՀ-ում համակարգում է արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժինը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին