Բաց դաս՝ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողների համար

Դիտումների քանակ՝ 2899

Նոր ուսումնական տարում լավ սովորելու, մասնագիտական հմտություններին լավագույնս տիրապետելու ցանկություն է համակում ուսանողներին, ինչը հիանալի առիթ է դասախոսների համար՝ խթանելու այդ խանդավառությունն ու հետաքրքրությունը: Ձևավորված ավանդույթի համաձայն՝ ամեն ուսումնական տարում մասնագիտական առարկաներից բանախոսելու են հրավիրվում ոլորտի փորձառու մասնագետներ, որոնք մեկ դասաժամում հասցնում են ուսանողին հաղորդել մասնագիտական հիմնական նրբությունները: Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Վահան Բաբայանի հրավերով այսօր հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության բակալավրիատի 2-րդ և աուդիտ մասնագիտության մագիստրատուրայի 2-րդ կուրսերում «Ֆինանսական ենթակառուցվածքների աուդիտ» առարկայի շրջանակում բանախոսեց ՀՀ կենտրոնական բանկի լիցենզավորման և կորպորատիվ ֆինանսների վարչության պետ Էդգար Սարգսյանը: Բաց դասին ներկա էին հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Լիանա Գրիգորյանը, դասախոսներ:

Ներկաներին ողջունեց Մերի Բադալյանը և կարևորեց նման ձևաչափով բաց դասերի անցկացումը: Դեկանն ընդգծեց, որ կրթության որակի բարձրացման համատեքստում այս նախաձեռնությունը գործնական գիտելիք հաղորդելու մի եղանակ է, և հատկապես առարկան նոր ուսումնասիրելիս այս մեթոդով ուսանողը ընդհանուր պատկերացում և նախագիտելիք է ստանում:

Էդգար Սարգսյանը դասին լուսաբանեց վերահոսկողության գործընթացում լիցենզավորման գործառույթի էությունը, ՀՀ ֆինանսական համակարգը և նրա ռիսկերը, հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացման դեմ պայքարի էությունը և առանձնահատկությունները, ֆինանսական կազմակերպությունների կառավարման գործընթացում աուդիտի գործառույթի տեղը և դերը: Մասնագետը պատասխանեց ուսանողների հարցերին:

Վահան Բաբայանի խոսքով՝ դասերը շարունակական են, երկուշաբթի՝ սեպտեմբերի 9-ին հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության 4-րդ կուրսում «Ներքին վերահսկողություն» առարկայի էության մասին կխոսի ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության բանկային վերահսկողության բաժնի պետ Վաղինակ Ստեփանյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին