Թերևս, ես ո'չ առաջինը, ո'չ էլ վերջինն եմ, ով ասում է՝ ՀՊՏՀ-ն իմ երկրորդ օջախն է. Կիմա Բադալյան
asue.am-ը շարունակում է համալսարանի 45-ամյակին նվիրված հարցազրույցների շարքը կրթօջախի երախտավորների հետ: Այսօր մեր զրուցակիցն է տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Կիմա Բադալյանը:
-Տիկին Բադալյան, մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:
-Թերևս, ես ո'չ առաջինը, ո'չ էլ վերջինն եմ, ով ասում է՝ ՀՊՏՀ-ն իմ երկրորդ օջախն է:
-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:
-1965թ.-ից աշխատել եմ Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում, իսկ 1976 թ.-ից՝ ՀՊՏՀ-ում (44 տարի):
-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:
-Նախ՝ սիրում եմ իմ գործը, մանավանդ, երբ ուսանողներիս հետ աշխատում եմ փոխադարձ հարգանքի մթնոլորտում: Ուրախանում եմ, երբ գործընկերներիս հանդիպելիս արժանանում եմ ջերմ բարևների և հաճոյախոսությունների:
-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…
-Ես ՀՊՏՀ ոտք եմ դրել որպես աշխատող 1976թ., իսկ ԵՊՀ՝ որպես ուսանող :
-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:
-Ճիշտն ասած, մեր ավագ գործընկերներն այն ժամանակ ջանում էին, որ մենք մեզ զգանք, այսպես ասած, հավասարը հավասարին: Մենք, իհարկե, երբեք դա չենք չարաշահել, և, կարծում եմ, որ հենց այդ համեստ ու զուսպ պահվածքն է, որ մեզ համար դաստիարակչական լավ դպրոց է եղել:
-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:
-Հավանաբար, կդառնայի ծրագրավորող:
-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:
-Սերը մեր բուհի նկատմամբ և բուհի հեղինակությունը բարձր պահելու ձգտումը:
-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:
-Իհարկե: Մի թարմ օրինակ նշեմ. ԵՊՀ-ում աշխատող իմ մտերիմներից մեկի երեխան որպես բուհ նախընտրեց ՀՊՏՀ-ն՝ նշելով, որ այն որպես բարձրագույն ուսումնական հաստատություն՝ մի շարք առավելություններ ունի: Հպա'րտ եմ:
- Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում
-Մեծ ընտանիքի:
- Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:
-Այդ անկյունն այնտեղ է, որտեղ ինձ սպասում և ընդունում են ջերմորեն:
-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:
-Կարծում եմ ՝ շատ դեպքերում այո, բայց այդ առումով աշխատելու տեղ ունենք:
-Անքննելի է՝ երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք...
- Իհարկե, հնարավո՞ր է՝ մարդն ամեն ինչ իմանա: Երիտասարդ մասնագետը ավագ սերնդի գործընկերոջից կարող է սովորել դասավանդման արդյունավետ մեթոդներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում երիտասարդ սերունդն ավելի արագ և ճկուն է ընկալում նորը և ավագ սերնդին, իր հերթին, կարող է փոխանցել իր փորձն այս ոլորտում: Այստեղ պետք է փոխվի հոգեբանությունը. երիտասարդները չմեծամտանան, իսկ ավագ սերունդը՝ չխանդի և չբարդույթավորվի:
-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:
-Նախ՝ ունենալ մարդկային բարձր արժանիքներ և կարողանալ ուսանողին տալ գիտելիքներ: Լսարան մտնող դասախոսը իր վրա պետք է անընդհատ աշխատի:
-Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:
-Առաջին հերթին, այս պայմաններում, բոլորին՝ առողջություն: Ուզում եմ, որ համատեղ ուժերով է'լ ավելի բարձրացնենք մեր բուհի վարկանիշը (դրա համար բուհում ստեղծված են բոլոր պայմանները), բուհը ընկալենք որպես մի մեծ ընտանիք, որտեղ կարող են լինել տարբեր բնավորության և ունակությունների տեր մարդիկ: Եվ յուրաքանչյուրը զբաղվի իր գործով, դիմացինի նկատմամբ հարգանքով լինի, չոտնահարի մարդկանց արժանապատվությունը: Կարևոր են դժվար պահերին միմյանց աջակցելը, յուրաքանչյուրի հաջողություններով ուրախանալը այնպես, ինչպես յուրաքանչյուրիս ընտանիքում է:
-Շնորհակալ ենք, տիկին Բադալյան: Մաղթում ենք, որ առողջ լինեք, շարունակեք Ձեր ավանդը ներդնել ՀՊՏՀ զարգացման շնորհակալ գործում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին