ՀՊՏՀ դասախոսը Տաշքենդում մասնակցել է միջազգային կոնֆերանսի

Դիտումների քանակ՝ 1945

ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը հոկտեմբերի 15-18-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մասնակցել է Բրիտանական խորհրդի կազմակերպած «Անգլերենի դերը բարձրագույն կրթության մեջ և վերջինիս ազդեցությունը շրջանավարտների աշխատանք գտնելու վրա/The role of English in higher education and its impact on graduate employability» միջագային կոնֆերանսին, որի նպատակն էր պարզել, թե որքանով է ոչ անգլալեզու երկրների բուհերում անգլերենով դասավանդումը նպաստում ուսանողների մասնագիտական աճին և մեծացնում վերջիններիս հնարավորությունը աշխատաշուկայում աշխատանք գտնելու հարցում։ Կոնֆերանսի մասնակիցները 8 երկրների (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ուկրաինա, Ղազախստան, Ուզբեկստան, Թուրքիա, Միացյալ Թագավորություն) կրթության ոլորտի պաշտոնյաներն էին, ինչպես նաև համալսարանների դասախոսները, ովքեր իրենց առարկաները դասավանդում են անգլերենով։ ՀՊՏՀ-ից մասնակցել է միայն Ալբերտ Հայրապետյանը, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ ինքը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ՀՊՏՀ-ում հյուրընկալված ուսանողների համար անգլերենով դասավանդել է «Միջազգային ֆինանսական շուկաներ» դասընթացը:

«Ի թիվս քննարկված բազմաթիվ հարցերի՝ ուշագրավ էին հետևյալները՝․ որքանո՞վ է արդյունավետ անգլերենով դասի անցկացումը ոչ անգլալեզու մասնագետի կողմից, արդյո՞ք օտար լեզվով մասնագիտական դասընթացների անցկացումը խոչընդոտում է ուսանողի կողմից մասնագիտական նյութի ամբողջական և պատշաճ յուրացմանը, արդյո՞ք ոչ անգլալեզու երկրներում անգլալեզու համալսարանների առկայությունը նպաստում է սոցիալական տարբեր շերտերի միջև անհավասարության ընդգծմանը, ինչպիսի՞ անգլերենով դասավանդել՝ ամերիկյան, բրիտանական թե տեղայնացված անգլերենով, որի օրինակը սինգապուրյան անգլերենն է»,- նշեց Ալբերտ Հայրապետյանը: Քննարկումներին մեր բուհի երիտասարդ գիտնականը մասնակցել է ակտիվորեն, ապա իր տպավորությունները հաղորդել կոնֆերանսի շրջանակներում իրենից հարզացրույց վերցրած բրիտանացի լրագրողին: Կոնֆերանսի մասնակիցները շրջայց են կատարել Տաշքենդի Վեսթմիսթեր համալսարանում, որտեղ դասավանդման լեզուն անգլերենն է: Միջոցառման ավարտին մասնակիցներին իր կեցավայրում է ընդունել Ուզբեկստանում Միացյալ Թագավորության դեսպան Թիմ Թորլոտը։

«Կոնֆերանսի ամենատպավորիչ պահը վիրտուալ իրականության տեխնոլոգիաների միջոցով ապագայի ուսանողի կյանքին ծանոթանալն էր: Բրիտանական խորհրդի կողմից կազմակերպված կոնֆերանսը նպաստել է իմ մանկավարժական հմտությունների զարգացմանը և գիտելիքների ամրապնդմանը, որը կօգտագործեմ մեր բուհում դասավանդման ժամանակ»,- ասաց Ալբերտ Հայրապետյանը՝ պատրաստակամություն հայտնելով կոնֆերանսի շրջանակներում ձեռք բերված գիտելիքներով կիսվել գործընկեր երիտասարդ դասախոսների հետ, որոնք իրենց մասնագիտական առարկաները տարբեր ծրագրերի շրջանակներում դասավանդում են անգլերենով։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին