ՀՊՏՀ-ն և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՆՁԱԿ կենտրոնը կհամագործակցեն

21.04.2022
Դիտումների քանակ՝ 1006

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանն այսօր ընդունեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Մարգարյանին և փոխտնօրեն Համլետ Մկրտչյանին։

Էկոնոմիկայի նախարարության նշված կենտրոնն իրականացնում է նորարարությունների, նորամուծական գաղափարների զարգացման գործընթաց` աջակցելով դրանց առևտրայնացման նախապատրաստման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացման։ Տեխնոլոգիաների առևտրայնացման գործընթացում փոքր և միջին ձեռներեցներին աջակցելու հարցում մեծապես կարևորվում է կրթական բաղադրիչը, հետևաբար՝ համալսարանների հետ համագործակցությունը։

ՀՊՏՀ-ում կայացած հանդիպմանը ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ Տնտեսագիտական համալսարանում մեծ ուշադրություն է դարձվում ուսանողների բիզնես-գաղափարներին, ավելին՝ դրանց իրականացմանն աջակցելու համար ստեղծվել է Change Lab-ը՝ «Փոփոխությունների կառավարում» լաբորատորիան։

ՆՁԱԿ տնօրենը շնորհակալություն հայտնեց ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար՝ մեծապես կարևորելով Տնտեսագիտական համալսարանի ներուժը։

Քննարկման արդյունքում որոշվեց մշակել և առաջիկայում քննարկել համագործակցության կոնկրետ ծրագիր։