ՀՊՏՀ պրոֆեսոր Աշոտ Թավադյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով

Դիտումների քանակ՝ 3096

Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի կապակցությամբ ՀՊՏՀ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամ Աշոտ Թավադյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով:

«ԵԱՏՄ հիմնադրման օրվանից գնահատվել և վերլուծվել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության արդյունքները, և փորձը ցույց է տվել, որ մեր հաշվարկները համապատասխանում են իրականությանը: Սա գնահատվել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի կողմից: Մեր վերլուծությունները ներկայացվել են տարբեր կայքերում,  ինչպես օրինակ Եվրասիական զարգացման բանկի կայքում, հեղինակավոր Հասարակական գիտությունների հետազոտական ցանցը (SSRN, Social Science Research Network) իր կայքում  նույնպես տեղադրել է "Armenia and the Customs Union: Impact of Economic Integration" աշխատանքը»,- ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ասաց պրոֆեսորը: Նա առաջարկեց նաև ծանոթանալ սույն հղման ներքո առկա աշխատանքին:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ մի խումբ պետական և հասարակական գործիչներ, ինչպես նաև հանրային հատվածի ներկայացուցիչներ պարգևատրվել են «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել ՀՀ նախագահի նստավայրում, մեդալները հանձնել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Շնորհավորում ենք պրոֆեսոր Աշոտ Թավադյանին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին