Գրագետ ինքնաներկայացման մասին բանախոսեց «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ՄՌԿ բաժնի ղեկավարը

Դիտումների քանակ՝ 1911

Գործատուին պատշաճ ներկայանալու, մասնավորապես ինքնակենսագրական կազմելու և հարցազրույցի մասնակցելու հմտությունները զարգացնող շատ բանախոսություններ են լինում ՀՊՏՀ-ում, և յուրաքանչյուրը նոր գիտելիք է փոխանցում ուսանողին: Այս մասին մեր ուսանողների համար բանախոսում են տարբեր կազմակերպությունների մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի մասնագետները, գործնական խորհուրդներ հղում:

Մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսեցիներն ուսումնասիրում են «Մարքեթինգային էթիկա» առարկան, որի շրջանակում այսօր ունկնդրեցին վերոնշյալ թեմայով դաս՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ՄՌ պլանավորման և զարգացման բաժնի պետ Մարիանա Էդիլյանի մեկնաբանությամբ: Նրան հրավիրել էր մարքեթինգի ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Լիլիթ Քոլյանը:

Ինքնակենսագրության մշակում (CV writing) և հարցազրույց (interview). սրանք այն կետերն էին, որոնց վրա կանգ առավ Մարիանա Էդիլյանը և հանգամանալից պարզաբանեց՝ ինչպես և ինչու: Ուսանողները մեծ հետաքրքրությամբ լսեցին հայաստանյան առաջատար օպերատորի աշխատակցի ելույթը, որը, հումորով շաղախված, տեղ էր հասցնում այն գլխավոր հաղորդագրությունը, որ առաջին տպավորությունը` ճիշտ ինքնաներկայացումը, կարևոր է՝ խոսելու ոճից մինչև հագուկապ:

Բանախոսը նկատեց՝ իրենց կազմակերպությունում աշխատանքի համար ավելի շատ աղջիկներն են դիմում, խրախուսելի է նաև տղաների ակտիվությունը:

«Բարելավել ուսանողի՝ ինքնակենսագրական մշակելու հմտությունը, ծանոթ լինել կադրերի ընտրության հարցում գործատուի պահանջներին, բանավոր հարցազրույցներին պատշաճ ներկայանալ»,-մեզ հետ զրույցում դասի նպատակը հիմնավորեց դասախոս Լիլիթ Քոլյանը՝ նշելով, որ առաջիկայում ևս նմանօրինակ հետաքրքիր դասախոսություններ են նախատեսվում:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ներկայացուցիչը լսարանին տեղեկացրեց «Վիվա-Ստարթ» ուսուցողական ծրագրի մասին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին