ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են Ծաղկաձորում կայացած սեմինարի
Հունվարի 26-ին Ծաղկաձորում կայացել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների աշխատակազմերի համար կազմակերպված` «Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը խորհրդարանների վերլուծական, փորձագիտական եւ հետազոտական գործունեության մեջ» խորագրով սեմինարի փակման արարողությունը:
Միջոցառմանը ՀՊՏՀ-ից որպես փորձագետներ մասնակցել են «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը և տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ելենա Մանուկյանը: Մեր գործընկերները հանդես են եկել ելույթներով, ակտիվորեն մասնակցել քննարկումներին: Մասնավորապես Դավիթ Հախվերդյանը հանդես է եկել «ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական ազդեցության գնահատումը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում» թեմայով զեկուցմամբ, իսկ Ելենա Մանուկյանը՝ «Վիճակագրական մեթոդները քաղաքականության վերլուծություններում» թեմայով զեկուցմամբ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Դավիթ Հախվերդյանը բարձր գնահատեց սեմինարի կազմակերպումը՝ նշելով, որ այն օգտակար էր և արդյունավետ: «Սեմինարն ուղղված էր միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև օրենքի նախագծերի փորձագիտական գնահատականի որակի բարձրացմանը»,- ասաց հետազոտական կենտրոնի տնօրենը:
Ելենա Մանուկյանի խոսքով՝ իրենց մասնակցությունը դրական է գնահատվել կազմակերպիչների կողմից և նշվել է հետագա համագործակցության ցանկության մասին: «Սեմինարը հետաքրքիր էր նրանով, որ նույն հարթակում էին հանդես գալիս և՛ հետազոտողներ, և գիտնականներ: Խորհրդարանական հետազոտություններով զբաղված մասնագետները ներկայացրեցին իրենց հետազոտական կառույցների հնարավորությունները և սահմանափակումները, քննարկվեցին ակադեմիական հանրության ներգրավման հնարավոր եզրույթները: Հաճելի է, որ գործնական որակյալ հետազոտություններով զբաղվողները կարևորում են ակադեմիական համակարգված գիտելիքը, և գնահատում են իրենց անհրաժեշտ գիտելիքը մատչելի ձևով ներկայացնող գիտնականների խոսքը»,- ասաց Ելենա Մանուկյանը:
Հ.Գ. Լուսանկարները՝ ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին