ՀՊՏՀ-«Ռոսգոսստրախ Արմենիա» գործակցություն. վարպետության դասեր՝ նոր ձևաչափով

Դիտումների քանակ՝ 1771

Տնտեսագիտական համալսարանի և հայաստանյան առաջատար ապահովագրական ընկերությունների միջև փոխգործակցության շրջանակում վերսկսվել են վարպետության դասերը, որոնց ընթացքում ապահովագրական շուկայի արդիական թեմաներով ուսանողների համար բանախոսում են ընկերությունների առաջատար մասնագետները:

«Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը, ՀՊՏՀ բանկային գործի և ապահովագրության ամբիոնի հետ համաձայնեցված, այս տարի փոխել է դասերի ձևաչափը. դրանց մի մասը կանցկացվի համալսարանում, մի մասը՝ ընկերությունում:

Առաջին դասն այսօր էր, ՀՊՏՀ-ում էին «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի անձնակազմի հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Ռուզաննա Ինճիկյանը և անձնական ապահովագրության գծով վաճառքի բաժնի ղեկավար, ՀՊՏՀ շրջանավարտ Արմինե Բադալյանը:

Ներկա էր բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Աննա Ասլանյանը: Դասի թեման էր «Առողջության ապահովագրություն», բանախոսեց

Արմինե Բադալյանը՝ լուսաբանելով Հայաստանում ապահովագրական շուկայի զարգացման միտումները, առողջության ապահովագրության համակարգը, ներկայացրեց հիմնական շահառուների մասին վիճակագրություն, պատասխանեց ուսանողների հարցերին:

Ռուզաննա Ինճիկյանը, մեզ հետ զրույցում, հիմնավորելով ձևաչափի փոփոխությունը, նշեց, որ համալսարանում անցկացվող դասերին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, մինչդեռ նախորդ տարիներին ընկերությունը հյուրընկալում էր ուսանողների համեմատաբար փոքր խմբերի:

Աննա Ասլանյանն էլ ասաց, որ այս կիսամյակում ՀՊՏՀ գործընկեր 2 ապահովագրական ընկերություններում՝ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ում և «Ինգո Արմենիայում» ամենամյա վարպետության դասերին մասնակցում է ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի 67 ուսանող, ընդ որում, կան ուսանողներ, որոնք միաժամանակ երկու ընկերությունունների դասերին էլ հաճախում են: Նշենք, որ «Ինգո Արմենիան», նախորդ տարիների նման, դասերն անցկացնում է ընկերությունում:

Դասերը կամփոփվեն հունիսի սկզբին, մասնակիցները կստանան հավաստագրեր:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին