Ռուբեն Հայրապետյան. Դասախոսների ընտրության կարգը առաջին հերթին ռեկտորի անհարկի միջամտությունն է սահմանափակելու և կամայականություններն է բացառելու

Դիտումների քանակ՝ 2384

ՀՊՏՀ գիտական խորհրդի այսօր կայացած նիստում հաստատվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոսական կազմի ընտրության կանոնակարգը, որը սահմանում է մեր համալսարանում դասախոսական կազմի պաշտոնների տեղակալման չափանիշները, մրցութային հատուկ հանձնաժողովի աշխատանքը, ներկայացվող պահանջները:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը, անդրադառնալով «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի դասախոսական կազմի ընտրության կանոնակարգի վերաբերյալ քննարկմանը, նշեց. «Այս կարգի ընդունումը առաջին հերթին ռեկտորի անհարկի միջամտությունն է սահմանափակելու և կամայականություններն է բացառելու, ինչը ինձ համար շատ կարևոր է՝ հատկապես, որ համալսարանի կառավարման թիմի կարծիքով սա էական նշանակություն ունի երկարաժամկետ գործողությունների արդյունավետության տեսանկյունից»: Կանոնակարգը մինչ ընդունվելը բավական երկար քննարկվեց, գիտխորհրդի անդամները ներկայացրեցին իրենց մոտեցումները,  հանդես եկան առաջարկություններով:

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը հանդես եկավ ««Ամբերդ» հետազոտական կենտրոնի 2018թ. գործունեության արդյունքները և 2019թ. խնդիրները» զեկուցմամբ՝ ներկացնելով հաշվետու ժամանակաշրջանում կենտրոնի հետազոտական գործունեությունը, հետազոտական նոր նախագծերը, փորձագիտական գործունեությունը, աշխատակիցների գիտական հրապարակումների վիճակագրությունը, կենտրոնի հրապարակումների և հետազոտությունների հանրայնացման աշխատանքները, ինստիտուցիոնալ համագործակցությունը տեղի և արտերկրի կառույցների հետ, ինչպես նաև կենտրոնի գործունեության ամփոփում, որտեղ առանցքային ձեռքբերումների շարքում մատնանշեց այն իրողությունը, որ 2018 թ. ՀՊՏՀ «Ամբերդ» կենտրոնը կրկին ներառվել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի «Ուղեղային կենտրոններ և քաղաքացիական հասարակություն» ծրագրի կողմից հրապարակվող աշխարհի ուղեղային կենտրոնների վարկանիշավորման  “Go To Think Tank Index Report” զեկույցում: Կենտրոնը 2017 թվականի վարկանիշի համեմատ 4 կետով բարելավել է իր դիրքը Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կետրոնների ցանկում (61-րդ տեղ նախկին 65-ի փոխարեն) և ներառվել է աշխարհի 100 լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում՝ զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը: Այնուհետև կենտրոնի գործունեության վերաբերյալ հնչեցին հարցեր, անդրադարձ եղավ առկա խնդիրներին, մասնավորապես Արմեն Գրիգորյանը նշեց, որ կենտրոնի հիմնական խնդիրը դրամաշնորհային ծրագրերում դասախոսների ներգրավումն է: «Բարեփոխումների հստակ ծրագիր է պետք»,- հայտարարեց ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը՝ կարևորելով դրամաշնորհների ներգրավումը, տնտեսության ոլորտում բարձրակարգ հետազոտությունների կատարումը կենտրոնի կողմից: Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Տիգրան Մնացականյանը նշեց, որ մոտակա մեկ ամսում պատրաստ կլինի հայեցակարգ, որը կկանոնակարգի ամբողջ գործունեությունը՝ ներառելով և՛ կառուցվածքային, և՛ բովանդակային, և՛ հետազոտական էթիկային վերաբերող խնդիրները:

Այնուհետև հաշվետվություններով հանդես եկան Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը և Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Արփինե Հովակիմյանը՝ ներկայացնելով մասնաճյուղերում ուսումնական և գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը: Գիտխորհուրդը հաստատեց հաշվետվությունները:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց նաև «Գիտական խորհրդի՝ 2012թ. մայիսի 11-ի «ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ուսումնական բեռնվածության նորմատիվներում փոփոխություններ կատարելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» հարցը՝ նշելով, որ կատարվում է երկու փոփոխություն՝ ամբիոնների վարիչների ուսումնական բեռնվածությունը 350 ժամից դառնում է 250 ժամ, որը միտված է վարիչներին ամբիոնների զարգացմամբ զբաղվելու հնարավորություն ընձեռելուն, և երկրորդը՝ եռապատկվում է ժամավճարով դասավանդման վարձատրությունը: Սա ևս գիտխորհուրդը հաստատեց:

Գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Տիգրան Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդին կից համալսարանական գիտամեթոդական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին հարցեր, որոնք հաստատվեցին: Գիտխորհուրդը հաստատեց նաև ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցեր, որոնք զեկուցեց պրոռեկտոր Տիգրան Մնացականյանը:

Գիտխորհրդի օրակարգում ընդգրկված դոցենտի գիտական կոչում շնորհելու հարցը, որը զեկուցեց մրցութային հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արամ Սարգսյանը, հանվեց՝ լրացուցիչ պարզաբանումների անհրաժեշտությամբ պայմանավորված:

Հ.Գ. Գիտխորհրդում հաստատված բոլոր փաստաթղթերը և հաշվետվությունները հաստատումից հետո ամբողջությամբ հրապարակվում են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Գիտական խորհուրդ» բաժնի ներքո:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին