Գիտական խորհրդի ընդլայնված նիստում հավանության արժանացավ ՀՊՏՀ 2021թ. գործունեության հաշվետվությունը

23.12.2021
Դիտումների քանակ՝ 1484

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անցնող մեկ տարվա գործունեությունն այսօր ամփոփեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ մեծ հանդիսասրահում կայացած գիտական խորհրդի ընդլայնված նիստում, որին, բացի գիտական խորհրդի անդամներից, մասնակցում էին ՀՊՏՀ դասախոսական, վարչական աշխատակազմերի ներկայացուցիչներ և ուսանողներ։

Ներկայացնելով 2021 թ. ՀՊՏՀ գործունեության հաշվետվությունը և 2022 թ. բյուջեի նախահաշիվը՝ ռեկտորը նշեց, որ ժամանակագրական առումով այս հաշվետվությունը համընկնում է իր՝ որպես ընտրված և նշանակված ռեկտորի պաշտոնավարման 1 տարվա հետ, ուստի այն գնահատում է նաև որպես իր 1 տարվա գործունեության հաշվետվություն։ «Ուստի խոսքս ուզում եմ սկսել՝ նախ շնորհակալություն հայտնելով բոլորիդ ձեր կատարած աշխատանքի և նվիրումի համար: 2019-2020 թվականները մեզ համար ծանր ժամանակաշրջան էին, սակայն 2021 թ. գործունեությամբ ապացուցեցինք, որ մենք թիմ ենք, և բոլորս ունեցանք մեր ներդրումը բուհի գործունեության արդյունավետության բարձրացման, կրթության որակի բարձրացման և աննախադեպ արդյունքների գրանցման գործում, ինչի համար անձամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ որպես թիմ և յուրաքանչյուրիդ՝ որպես ՀՊՏՀ ընտանիքի անդամ»,- ելույթի սկզբում ասաց Դիանա Գալոյանը:

Բուհի ղեկավարը համապարփակ ձևով ներկայացրեց համալսարանի անցնող մեկ տարվա հաշվետվությունը՝ համաձայն ՀՊՏՀ 2018-2022 թթ. զարգացման ռազմավարության և գործողությունների ծրագրի 5 նպատակների՝ կրթական ծրագրերի որակի բարելավում, ՀՊՏՀ գործունեության արդյունավետության մակարդակի բարձրացում, կիրառական հետազոտություններ-կրթություն ինտեգրման և կիրառական հետազոտություններ-տնտեսություն համագործակցության ապահովում, միջազգայնացման ընդլայնում, ինչպես նաև ակադեմիական էթիկայի և սոցիալական պատասխանատվության սկզբունքների ներդրում։

ՀՊՏՀ ռեկտորի հաշվետու ելույթում ընդգծվեց, որ գործունեության գրեթե բոլոր ոլորտներում համալսարանն ունեցել է ձեռքբերումներ, և բոլոր քայլերը միտված են բուհի գլխավոր առաքելության բարեհաջող իրականացմանը, այն է՝ կրթության որակի բարձրացում։ Որպես ասվածի վկայություն և խոշոր ձեռքբերում՝ Դիանա Գալոյանը նշեց, որ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի 2021թ. հունիսի 19-ի նիստում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով։ ՀՊՏՀ գործունեության բարելավման գործողությունների ծրագիրը առաջիկա 4 տարիների համար արդեն կազմված է։

«Կրթական ծրագրերի որակի բարելավում» նպատակի իրագործման համատեքստում բարելավվել են 2 բակալավրական և դրանց ելքային 9 մագիստրոսական կրթական ծրագրերը, հետևողական աշխատանք է կատարվել աշխատակազմի վերապատրաստման ուղղությամբ (վերապատրաստվել է 277 աշխատակից), փորձառությունների որակի և բովանդակության բարելավման նպատակով ընդլայնվել է գործընկեր-գործատուների ցանկը և արդյունքում ՀՊՏՀ 1834 ուսանող փորձառություն է անցել 435 կազմակերպություններում (ըստ նախնական տվյալների բակալավրիատի ուսանողների 37%-ը աշխատում է ըստ մասնագիտության, իսկ մագիստրատուրայի ուսանողների՝ 75%-ը փորձառության փուլում արդեն իսկ ապահովված է եղել աշխատանքով), մեծ ուշադրություն է դարձվել մասնագիտական կողմնորոշման աշխատանքներին՝ կազմակերպվել են «Բաց դռների օր» ճանաչողական այց-հանդիպումներ, «Արի´ ՀՊՏՀ» մարզային այցելություններ՝ ավագ դպրոցների և քոլեջների աշակերտների համար, բուհը մասնակցել է «Կրթություն և կարիերա EXPO–2021» ցուցահանդեսին: Արդյունքը, ռեկտորի խոսքով, չի սպասեցրել՝ 2021 թ. ՀՊՏՀ (այդ թվում մասնաճյուղեր և ՀՊՏՀ քոլեջ) է ընդունվել 2049 ուսանող, ընդ որում՝ միայն բակալավրիատ ընդունվածների թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 1.5%-ով:

«Կիրառական հետազոտություններ-կրթություն ինտեգրման և կիրառական հետազոտություններ-տնտեսություն համագործակցության ապահովում» ռազմավարական նպատակին համահունչ կատարվել է մեծածավալ աշխատանք՝ իրականացվել են դրամաշնորհային ծրագրեր, հետազոտություններ ՀՀ տնտեսության և հանրային կյանքի առանցքային խնդիրների վերաբերյալ։ Հաշվետու ժամանակահատվածում ՀՊՏՀ ակադեմիական կազմի ջանքերով հրապարակվել են 26 մենագրություն, 26 ուսումնական ձեռնարկ, 6 թեզիս, 345 հոդված, որից 122-ը՝ ՀՀ ԲՈԿ-ի կողմից ընդունելի հայաստանյան, 97-ը՝ միջազգային պարբերականներում, որոնցից 16-ը ներառված են Scopus կամ WoS շտեմարաններում։ Ազդեցության գործակից ունեցող ամսագրերում տպագրված հոդվածների թիվը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 66.7%-ով:

Արտաքին կապերի ընդլայնման և միջազգայնացման նպատակով հաշվետու տարում Տնտեսագիտական համալսարանը կնքել է շուրջ 110 համագործակցության հուշագրեր, որից 28-ը՝ օտարերկրյա բուհերի հետ: Էապես բարելավվել Համալսարանի դիրքերը միջազգային վարկանիշներում։ Հաշվետու տարում հաջողությամբ ամփոփվել և ընթանում են նաև նախորդ տարիների միջազգային ծրագրերը, բուհն արդյունավետորեն համագործակցում է գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի հետ: ՀՊՏՀ-ն հյուրընկալել է 5 միջազգային սեմինարներ, որոնց մասնակցել է 170 ուսանող 12 երկրից, իսկ ՀՊՏՀ 2 ուսանող հնարավորություն է ստացել մասնակցելու Բեռլինում կայացած 2 միջազգային սեմինարների: ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի և բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնների ներկայացրած «Լեռնահանքային արդյունաբերության գործունեության ազդեցության գնահատումը ազդակիր համայնքների բնակչության առողջության վրա» մոդելային օրենքի հայտը հաղթող է ճանաչվել ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում, և ստացվել է համապատասխան ֆինանսավորում։

«Ակադեմիական էթիկայի և սոցիալական պատասխանատվության սկզբունքների ներդրում» ռազմավարական նպատակին համապատասխան համալսարանում իրականացվել են զգալի աշխատանքներ ակադեմիական բարեվարքության համակարգի ստեղծման ուղղությամբ։ Ռեկտորի խոսքով՝ այստեղ առանցքային է «Միներվա» ծրագրի դերակատարումը։ ՀՊՏՀ սոցիալական պատասխանատվության ստանձնման միջոցառումների շրջանակներում կարևոր են հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանն ուղղված գործողությունները, սոցիալական ծրագրեր են իրականացվում են նաև աշխատակիցների և ուսանողների համար։

Հետևողական աշխատանք է կատարվել բուհի տեղեկատվական քաղաքականության և հանրային հաշվետվողականության ապահովման ուղղությամբ, ինչի արդյունքում էապես աճել է ՀՊՏՀ տեսանելիությունը բոլոր սոցիալական կայքերում։

Ինչ վերաբերում է ՀՊՏՀ 2021 թ. բյուջեի կատարողականին, ապա, Դիանա Գալոյանի ներկայացմամբ, տարեվերջին ՀՊՏՀ դրամական մուտքերը կկազմեն 3,276,391,369 ՀՀ դրամ և 2021-ի համար պլանավորված 3,6 մլրդ միջոցների համեմատ կկատարվի բյուջեի մուտքերի մոտ 91%-ը: Ծախսերի առումով 2021 թ. ելքերը կազմել են 2,5 մլդ ՀՀ դրամ և դեկտեմբերի 31-ի դրությամբ կկատարվի 2021թ. պլանավորված բյուջեի 82%-ը: 2022 թ. պլանավորված եկամտային հոդվածները դրամական արժեքով կկազմեն 3,7 մլրդ ՀՀ դրամ, պլանավորված ծախսերը՝ 3,635,838,000 ՀՀ դրամ։

Գիտխորհրդի ընդլայնված նիստում քվեարկությամբ որոշվեց հավանություն տալ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2021 թվականի ուսումնագիտական ու ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների և 2022 թվականի բյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներին և այն ներկայացնել բուհի խորհրդի քննարկմանն ու հաստատմանը։

Հավելենք, որ խորհրդի հաստատումից հետո բուհի տարեկան հաշվետվությունները հրապարակվում են ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ մանրամասն արտացոլելով բուհի գործունեությունը։